
Վրաստանում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բոլոր ընտրատեղամասերը բացվել են հոկտեմբերի 4-ին, ժամը 8:00-ին: Այս մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին, հաղորդում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ քվեարկությունը սկսվել է առանց միջադեպերի:
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի 64 մունիցիպալիտետներում և շրջաններում միաժամանակ անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կընտրվեն Թբիլիսիի, Քութայիսիի, Բաթումիի, Ռուսթավիի և Փոթիի քաղաքապետերը, ինչպես նաև 59 մունիցիպալիտետների քաղաքապետեր և տեղական քաղաքային խորհրդի անդամներ:
Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու, այդ թվում՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործող քաղաքապետ Կախա Կալաձեն: