Ինֆորմացիա ունեմ, որ իմ անձն իրեն հանգիստ չի տալիս․ Դավիթ Ղազինյանը՝ Ռոմանոս Պետրոսյանի և «Մուդիս»-ի վերջին վարկանիշի մասին

Հայաստանի իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) կառավարումը ստանձնելուց հետո միջազգային հեղինակավոր «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը նվազեցրել է ռազմավարական նշանակություն ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։

Մինչ մասնագիտական շրջանակները վարկանիշավորման իջեցումն ուղիղ պայմանավորում են կառավարության քայլերով, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, թե այն կապ ունի իրենց բացահայտումների հետ։

Օրերս ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը լրատվամիջոցներին, մասնավորապես, ասել է․

«Նախ՝ «Մուդիս»-ի վարկանիշային գնահատականը մի բալով, եթե տեղյակ եք, բարձր էր մեր երկրի սուվերեն վարկանիշից, և օրինակ՝ ինձ համար, դա անձնական կարծիք է, տարօրինակ էր, որ լիցենզավորված ընկերությունը, ում լիցենզիան տալիս է պետությունը, պետության վարկանիշից բարձր գնահատական է ունենում: Մյուս կողմից էլ, դարձյալ իմ անձնական վերլուծությունն է, իջեցնելը, կարծում եմ, կապված էր նաև այն բացահայտումների, որոշ փաստերի հետ, որոնք ի դերև ելան ժամանակավոր կառավարչի գործունեության բերումով»։

Կարդացեք նաև

Թեմայի առնչությամբ 168.am-ը զրուցել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի հետ։

– Ինչո՞ւ ռազմավարական կառույցի վարկանիշավորման իջեցման փաստը չի անհանգստացնում օրվա իշխանություններին։

– Իսկ օրվա իշխանություններին ի՞նչ է անհանգստացնում՝ բացի իրենց՝ իշխանության մնալուց։ Ասում է՝ միգուցե իրենց բացահայտումներն են պատճառ հանդիսացել․ իսկ ո՞ւր են այդ բացահայտումները, դեռևս ոչ ոք չի տեսել՝ բացի  մերկապարանոց հայտարարություններից, և հետո՝ արդյո՞ք դուք ձեր «բացահայտումներ»-ն ուղարկել եք «Մուդիս»-ին, ընկերությունն էլ որոշել է «արդարությունը վերականգնել»։

Եթե որևիցե բացահայտում բարձրաձայնված չէ փաստացի, եթե զրպարտում են աջուձախ, եթե ես մի քանի անգամ առաջարկում եմ հանրային բանավեճ կազմակերպել ու դարձյալ արձագանք չկա․․․ չգիտեմ՝ այս դեպքում ի՞նչ կարելի է ասել։ Իրենց առաջարկել եմ հանրային բանավեճի գալ ինձ հետ, թող գան իրենց «բացահայտումները» ներկայացնեն, արձագանք չկա:

– Դեռ օրեր առաջ Ռոմանոս Պետրոսյանը հրապարակային խորհուրդ էր տվել ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին՝ Ձեզ «զրկել ձայնի իրավունքից» ինչո՞վ եք սա պայմանավորում, ի՞նչն է մտահոգում ՔՊ-ական այդ պաշտոնյային։

– Ջանասիրաբար ինչ-որ բան են փնտրում ՀԷՑ-ի առնչությամբ՝ ինձ համար խնդիր ստեղծելու համար, չեն գտնում,  ինչն էլ նյարդայնացում է իրենց։ Առհասարակ, ինֆորմացիա ունեմ, որ անընդհատ ինձ է անդրադառնում, իմ անձն իրեն հանգիստ չի տալիս, և ինձ հետ  անգամ 0,1 տոկոսով կապ ունեցող աշխատակիցներին է հարցուփորձ անում, ազատում աշխատանքից։ Չգիտեմ, չեմ կարող ասել․ ես գնահատեմ՝ կստացվի ինքնագովեստ։

– Իսկ առհասարակ «Մուդիս»-ի վարկանիշն ի՞նչ է ցույց տալիս պետության հանդեպ վստահությա՞ն պակաս է դա։

– Իհարկե, դա ֆինանսական կայունության, տնտեսական կայունության ցուցանիշ է։ Այնտեղ ինքը մի միտք էլ հնչեցրեց, թե՝ «զարմանում եմ՝ ՀԷՑ-ը պետությունից բարձր վարկանիշ ունի»։ Այսինքն՝ եթե կա կազմակերպություն, որը ձեզնից լավ է աշխատել փաստացի, ինչի՞ վրա եք զարմանում․ փոխանակ այդ ընկերությանը հնարավորություն տաք՝ ավելի լավ աշխատելու, դուք ձեզ վրա ավելի լավ աշխատեք, որպեսզի ձեր կառավարումն ունենա ավելի լավ ցուցանիշ, քան մասնավոր ընկերությունը, նման հայտարարություննե՞ր եք անում։ Ինձ թվում է՝ այդ միջազգային կազմակերպություններն իրենց վաղուց լուրջ չեն ընդունում և լուրջ չեն վերաբերվում իրենց հայտարարություններին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով․ «ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ՀԷՑ-ի 70% բաժնետիրոջ ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանին, որպես բարի կամքի դրսևորում, խորհուրդ եմ տալիս արգելել ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին գլխավոր տնօրենի տեղակալ-իրացման տնօրեն Դ.Ղազինյանին՝ այսուհետ մասնակցելու ՀԷՑ-ին առնչվող հարցերով ասուլիսների, ճեպազրույցների և հարցազրույցների։

Վերջինս իր մերկապարանոց, անհիմն և մանիպուլատիվ պնդումներով քանիցս փորձ է անում հանրությանն ու լրատվամիջոցներին մատուցելու խեղաթյուրված և կանխակալ «տեղեկատվություններ», դրանով գուցե ջանալով արդարացնել ՀԷՑ-ում գրեթե երկու տասնամյակ ձգված նախկին պաշտոններում իր գործուն «անգործությունն» ու փորձելով քողարկել իր մակերեսային տեղեկացվածությունն ու միջակ գիտելիքներն էներգետիկական ու կառավարման ոլորտներում՝ մասնավորապես, ՀԷՑ-ին առնչվող պարզ-կառավարչական կարողությունների առումով։

Սակայն այդ կերպ նախկին պաշտոնյան ոչ միայն «արջի ծառայություն» է մատուցում իր նախկին գործատուներին, այլ նաև ուղիղ ռեպուտացիոն ռիսկեր է գեներացնում «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերերի համար, ում նկատմամբ մեր հանրության մոտ ծագում են բազմաթիվ հարցեր, որոնցից ամենագլխավորն է՝ ինչպե՞ս են այդ մասշտաբի խոշոր գործարարներն այս անձին վստահել ՀԷՑ-ի նման կարևորագույն ռազմավարական ընկերությունում նման ազդեցիկ պաշտոններ, ընդհուպ մինչև՝ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակը։ Փաստորեն, գուցե այդքան «թքած են ունեցել» ՀԷՑ-ի վրա…»։

Հիշեցնենք, բարերար, գործարար Սամվել Կարապետյանի՝ հունիսի 17-ի հայտնի հարցազրույցից հետո, երբ Կարապետյանը նշել էր, թե անհրաժեշտության դեպքում «իրենք էլ իրենց ձևով կմասնակցեն եկեղեցու պաշտպանությանը», իշխանությունները անցել էին ՀԷՑ-ը  իբրև թե պետականացնելու գործին․  խորհրդարանի իշխող մեծամասնությունն արագացված ընթացակարգով հեղինակել և ընդունել էր օրենսդրական մի փաթեթ, որով գործադիրը վերցրեց ՀԷՑ կառավարումը:

Հիշեցնենք նաև, որ օրերս Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» իր կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել էր, որ կա՛մ ՀԷՑ-ը կհանձնվի պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական, կա՛մ ՀԷՑ-ի բաժնետերերի մեծ մասը կփոխանցվի էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Ինչը և սպասելի էր, ի սկզբանե բոլորի համար պարզ էր՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլում են՝ ուրիշին փոխանցելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս