Թուրքիան պատրաստ է օգտվել «Թրամփի ուղուց», այն կարևոր է առևտրի ու խաղաղության համար. Ֆաթմա Աքսալ

Երևանում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆաթմա Աքսալը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման նոր էջ է բացվում։

«Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը։ Բոլորս էլ օգուտ կքաղենք խաղաղությունից, որովհետև դա կարևոր է ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։ Եթե խաղաղություն հաստատվի այս տարածաշրջանում, այն դրական ազդեցություն կունենա նաև աշխարհի այլ հատվածներում»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լինել լավ օրինակ մյուս երկրների համար, եթե հաշվի առնենք պատերազմն Ուկրաինայում, Գազայում:

Դիտարկմանը, որ հայ-թուրքական սահմանը Թուրքիան է փակել, ե՞րբ կբացվի այն, ո՞րն է խնդիրը, թուրք քաղաքական գործիչը պատասխանել է, որ այս պահին դեռ երկխոսություն է գնում, պետք է սպասել:

Լրագրողների հակադարձմանը՝ որպեսզի Թուրքիան բացի սահմանները, պետք է ստորագրվի՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, Ասքալը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ու բարիդրացիական հարաբերությունները շատ կարևոր են երկուստեք։

Կարդացեք նաև

«Հայաստանը հնարավորություն ունի խաղաղություն հաստատելու այդ երկրների միջև, բայց մենք որևէ պայման չենք դրել, որի պարագայում կբացվի սահմանը։ Այս պահին գործընթացը շարունակվում է երկխոսության ձևաչափով, և հուսով ենք՝ ամեն ինչ կընթանա դրական»,- շեշտել է նա:

Ինչ վերաբերում է  «Թրամփի ուղի» ծրագրին, թուրք պատգամավորն այն կարևորել է հարաբերությունների և առևտրական կապերի ամրապնդման գործում և նշել, որ և՛ Թուրքիան, և՛ Հայաստանը տնտեսական օգուտներ են ունենալու:

Իսկ այն, որ Ադրբեջանը և Թուրքիան  «Թրամփի ուղու» փոխարեն՝ «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումն են  օգտագործում, արդյո՞ք սա չի ենթադրում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, քանի որ միջանցքն այլ տրամաբանություն ունի, Թուրքիայի ներկայացուցիչը, բնականաբար, պնդել է.

«Ոչ, դա տարածքային պահանջ չէ: Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չի կորցրել խաղաղությունից և ոչ ոք չի շահել դեռ պատերազմից: Մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները, նախարարությունների միջև կապերը շատ կարևոր են: Եկեք սպասենք և լինենք լավատես, ես լավատես եմ: Ինչ վերաբերում է մանրամասներին, ես չեմ կարող շատ մանրամասներ նշել, քանի որ մենք չգիտենք մանրամասները, բայց ընդհանուր առմամբ եկեք սպասենք, լինենք լավատես, որպեսզի խաղաղություն հաստատենք երկրների միջև, որ բացվեն սահմանները»,– շարունակել է Ֆաթմա Աքսալը:

Այստեղ թուրք պատգամավորին լրագրողները հիշեցրել են՝ խաղաղությունը կարևոր է, բայց հայ ռազմագերիներ կան Ադրբեջանում, ի՞նչ է պատրաստ անել Թուրքիան այս հարցով, ինչին ի պատասխան՝ նա նշել է, որ գործընթացի մանրամասներին չի տիրապետում, բայց եթե հնարավոր լինի, Թուրքիան կփորձի նպաստել ռազմագերիների ազատմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս