Բաժիններ՝

Հյուսիսային Կորեայի առաջնորդը մերժել է միջուկային զենքից հրաժարվելու որևէ տարբերակ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել միջուկային զենքից։ Այս և այլ հարցերի վերաբերյալ Հյուսիսային Կորեայի նախագահը խոսել է Գերագույն ժողովրդական խորհրդի հերթական նիստի ժամանակ։ Նա նշել է, որ երկրի միջուկային զինաթափման կոչերը հավասարազոր են սահմանադրական կարգի վրա հարձակման, քանի որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության միջուկային կարգավիճակը ամրագրված է երկրի մայր օրենքում։

Կիմ Չեն Ընը մերժել է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի կողմից արված առաջարկները՝ փուլային տարբերակով հրաժարվելու միջուկային զենքից և գալու երկխոսության՝ ընդգծելով, որ դրա իրական նպատակը Հյուսիսային Կորեան թուլացնելն ու իր իշխանությունը վերացնելն է։

«Աշխարհն արդեն լավ գիտի, թե ինչ է անում ԱՄՆ-ն, երբ ստիպում է որևէ երկրի հրաժարվել միջուկային զենքից ու զինաթափվել։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր միջուկային զենքից», – Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Կիմ Չեն Ընը՝ ընդգծելով, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, եթե այդ երկիրը հրաժարվի Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու ծրագրից։Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտնել է նաև, որ պաշտպանական կարողությունների ամրապնդման շրջանակում «նոր գաղտնի զենք են ձեռքբերել»։

«Մեր պետությունն ու կուսակցությունը ձգտում են շարունակական, թռիչքաձև զարգացման մեր պաշտպանական կարողությունների ամրապնդման գործում», – ասել է Կիմ Չեն Ընը։

Հիշեցնելով նոր ականակիրների կառուցման և խոսելով զենքերի կատարողականի շարունակական բարելավման մասին՝ նա ընդգծել է․ «Բացի այդ, մենք ձեռք ենք բերել նոր գաղտնի զենք։ Պաշտպանական գիտության և հետազոտությունների ոլորտում նշանակալի նվաճումներ են գրանցվել, որոնք մեծապես կնպաստեն մարտական ​​ներուժի կտրուկ աճին»։

Կիմ Չեն Ընը հայտարարել է նաև, որ իրենք չեն պատրաստվում հասնել Կորեայի Հանրապետության հետ միավորման։ «Միավորման անհրաժեշտություն ընդհանրապես չկա։ Պատմության մեջ կա արդյոք մի օրինակ, երբ երկու նման թշնամական երկրների միավորվել են»,- ասել է նա՝ ընդգծելով, որ միավորումը կնշանակի պետություններից մեկի վերացում։ 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է նաև, որ իրենք մտադիր չեն երկխոսություն տանել Հարավային Կորեայի հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս