Պետական մակարդակով ռեկետ՝ գյուղնախարարի միջոցով
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությունը՝ կարկտահարությունից տուժած արմավիրցի գյուղացիների համար ֆինանսական օժանդակություն գտնելու համար գործարարներին կոչով դիմելը թույլ է տալիս եզրակացնել, որ պետական գանձարանը դատարկ է:
168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, տնտեսագետ, 1994-1998թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը տեսակետ հայտնեց, որ դա պետական մակարդակով ռեկետ է, «ինչպես թաղի խուժանն ընտրությունների ժամանակ էր ձայն բերում, այժմ էլ ասեն՝ գնա փող բեր ու կեսն էլ նրանց տան»:
«Դա տարբերակ չէ: Փաստորեն, կառավարությունն ընդունում է, որ արդյունավետ հարկային մեխանիզմ չունի և դիմում է գործարարներին: Այդ դեպքում բերեք հարկային համակարգը վերացնենք, բոլոր գործարարներին դիմենք, ասենք՝ մեր երկրում խնդիրներ կան, առողջապահության, բանակի, ուսուցիչներ կան, և այլն, ու կամավորության սկզբունքով հարկեր վճարեն: Եվ ստվերը կտրուկ կնվազի, ուղղակի ստվեր հասկացություն այլևս չի լինի: Ամեն ինչ ստվերում կլինի: Դա շատ նման է երբ սփյուռքի նախարարը Եվրատեսիլի ժամանակ դիմեց մեր հայրենակիցներին: Պետությունը չպետք է այդպես անի: Դա ընդունելի կլինի, եթե գումար հանգանակելու համար դիմի որևէ բարեգործական կազմակերպություն: Անլուրջ է»,- ասաց Բ.Ասատրյանը:
Բագրատ Ասատրյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ հինգշաբթի օրվա համարում։