
7 տարի շարունակ իրենք Երրորդ Հանրապետությունն են քանդում, բայց մի բան քանդել՝ չի նշանակում մյուս բանը ստեղծել․ Քաղաքագետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակում է Հայաստանի Չորրորդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք․ կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս հավելեց՝ այս նպատակով ՔՊ-ն առաջինը՝ 2026թ. խորհրդարանական հերթական ընտրություններում ՀՀ կառավարման իր մանդատը ևս 5 տարով երկարաձգելու հայցով դիմելու է ժողովրդին՝ ակնկալելով ձևավորել սահմանադրական մեծամասնություն, իսկ ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու է համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168․am-ի հետ զրույցում արձագանքելով 4-րդ Հանրապետություն հռչակելու մասին փաշինյանիզմին՝ նկատեց՝ Երրորդ Հանրապետության վախճանն արդեն սկսվել է Փաշինյանի իշխանության գալուց։
«7 տարի շարունակ իրենք Երրորդ Հանրապետությունն են քանդում, բայց մի բան քանդելը չի նշանակում՝ մյուս բանը ստեղծել։ Այն, ինչ ինքը ստեղծում է, Հայաստանը չէ․ այսինքն՝ Փաշինյանն այն ամենը, ինչ հայկական կամ ազգային է կոչում, այսինքն՝ այդ 4-րդ Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը չէ, այլ Հայաստանի տարածքում ինչ-որ հանրապետություն»,- մանրամասնեց քաղաքագետը՝ այս իշխանության կողմից ղեկավարվող պետությունը համարելով բովանդակազուրկ։
Հրանտ Միքայելյանը համոզված է՝ հակառակ հանրությանն իր ճշմարտացիությունը ապացուցելու ջանքերին՝ ժողովրդի մեջ իշխանափոխության պահանջարկն առկա է։ Ըստ նրա, սակայն, ընդդիմությունը դեռևս ի վիճակի չէ ժողովրդի այդ պահանջարկն իրագործել։
«Հարց է՝ արդյոք նորաստեղծ ուժը՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, կկարողանա՞ դա անել, բայց այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն իր հնգամյա պայքարով ապացուցել է՝ ի վիճակի չէ որևէ բան անելու,- նկատեց նա, ապա արձագանքելով մեր դիտարկմանը, որ իմպիչմենտի հարցով ԱԺ-ում լսումներ են սպասվում, որ ընդդիմությունը չի բացառում փողոցի գեներացումը, նշեց,- Փողոցային պայքարի համար մարդիկ պետք է դուրս գան փողոց, բայց հիմա դուրս եկող չկա, որովհետև այդ օրակարգը որևէ կերպ չի արձագանքում հանրության մեջ, որովհետև հասարակությունը հոգնել է անդադար պարտություններից, և նաև այդ ամբողջ ձևաչափի մեջ զգացվում է ընդդիմության ներսում պայքարը, ոչ թե իշխանության դեմ պայքարը։ Այստեղ չի երևում այն ավարտը, որը փոխելու է իշխանությունը»։
Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ իշխանությունների վերարտադրման հնարավորություն կա՝ ի հաշիվ իշխանությունների ռեպրեսիվ քաղաքականության։
«Երկրում ռեպրեսիվ միջավայր է, և բավականին մեծ ռիսկեր կան, որ այդ ռեպրեսիաները, ճնշումները շարունակվելու են, ընդլայնվելու են և այլն։ Այս իշխանությունը նաև լիարժեք աջակցություն ունի դրսից, աջակցություն ունի նաև 3-րդ Հանրապետությունը վերացնելու և իրականացնում է ծրագիրը։ Բայց ժողովրդի մեջ կա իշխանափոխության պահանջարկ, սակայն ընդդիմության կողմից դեռևս գործնական քայլեր չկան»,- հավելեց նա։