Կա՞ արդյոք ՌԴ-ԱՄՆ առճակատում Հարավային Կովկասում

Չնայած Ալյասկայում Պուտին-Թրամփ բանակցություններում տեսանելի առաջընթաց չարձանագրվեց, Ուկրաինայի շուրջ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները միմյանց քաղաքականության վերաբերյալ զուսպ մոտեցումները շարունակում են: Ամերիկյան կողմը շարունակում է խուսափել Ռուսաստանին կատաղի քննադատության ենթարկելուց՝ չտեղավորվելով արևմտյան մեյնստրիմային քարոզչության շրջանակում: Թեև, պետք է նաև նշել, որ Թրամփը վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ խոսում է նաև Պուտինից հիասթափության մասին, քանի որ չի հաջողվում հասնել խաղաղության:

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուշագրավ հայտարարություն է արել, ասելով, թե Թրամփը պատրաստ է փոխզիջման, սակայն Ուկրաինան և Եվրոպան «խանգարում են»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թրամփի թիմը պատրաստ է Մոսկվայի հետ «պրագմատիկ երկխոսության», այդ թվում՝ Ուկրաինայի հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Անքորիջի հանդիպման ժամանակ առաջարկել է «փոխշահավետ կարգավորում», սակայն Կիևը հրաժարվել է, մինչդեռ Եվրոպան, ընդհակառակը, «հրադադարի քողի տակ ձգտում է սրացման»։

Լավրովը մեղադրել է արևմտյան երկրներին ԱՄՆ-ին առճակատման մեջ ներքաշելու և «ուկրաինական տարածքները գրավելու» փորձերի մեջ՝ անվտանգության երաշխիքների քողի տակ։ Մասնավորապես, նա մեջբերել է Գերմանիայի հայտարարություններն իր ռազմական հզորության մասին, ինչպես նաև Լեհաստանի նախաձեռնությունները՝ միջուկային զենք տեղակայելու և ՆԱՏՕ-ն իր սահմաններին ամրապնդելու վերաբերյալ։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, բայց միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն իր շահերը։ Մինչդեռ, Լավրովի պնդմամբ, Արևմուտքն անտեսում է Մոսկվայի առաջարկները և շարունակում է խոսել Ուկրաինայի համար «անվտանգության երաշխիքների» մասին՝ առանց Ռուսաստանի մասնակցության։

Այս օրերին Մեծ Բրիտանիա կատարած իր պետական ​​այցի վերջին օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Նրանց բանակցությունների հիմնական թեմաներից մեկն Ուկրաինայում պատերազմի դադարեցումն է եղել: Նախագահ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։

ԱՄՆ նախագահը խոստովանել էր, որ պատերազմի ավարտն ավելի դժվար էր, քան ինքը կարծում էր, և, որ Պուտինը հիասթափեցրել է իրեն։ Նա հստակեցրել էր, որ սպասում է, թե եվրոպական երկրները երբ կնվազեցնեն իրենց կախվածությունը ռուսական նավթից, նախքան ինքը կուժեղացնի ճնշումը Պուտինի վրա: «Ես պատրաստ եմ այլ միջոցների դիմել, բայց ոչ այն դեպքում, երբ մարդիկ, որոնց համար պայքարում եմ, նավթ են գնում Ռուսաստանից»,- ասել էր Թրամփը, ով մինչ այդ հայտարարել էր, թե պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները նույնն անեն ու այլևս Ռուսաստանից նավթ չգնեն։ Մինչ Թրամփն արձանագրում է Ուկրաինայի ուղղությամբ հիասթափության և բարդությունների մասին, իր գրեթե բոլոր ելույթներում խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու մասին, շեշտելով, որ նման բան միայն իրեն է հաջողվել: Ի դեպ, հանրային ելույթներում նախագահ Թրամփը գրեթե միշտ Հայաստանն անվանում է Ալբանիա, իսկ Բրիտանիայում ունեցած իր ելույթում, բացի այն, որ Հայաստանն անվանեց Ալբանիա, նաև սխալ արտաբերեց Ադրբեջան անվանումը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուս-ամերիկյան գլոբալ բանակցությունները շարունակվում են այնպես, ինչպես կարելի էր կանխատեսել: Նրա խոսքով, ակնհայտ էր, որ դրանք հեշտ չեն լինելու, պարզապես ԱՄՆ նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այլ ակնկալիքներ ունեին:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի համար անակնկալ զարգացումներ տեղի չեն ունենում: Հաշվի առնելով խնդրի բարդությունը, Արևմուտքում իշխող տարաբնույթ շահերը, որոնք փորձում է նույնիսկ ԱՄՆ-ը վեր հանել, հնարավոր չէ հասնել արագ կարգավորման: Այնուամենայնիվ, ես չեմ գտնում, որ ԱՄՆ-ը արմատականորեն վերանայելու է իր քաղաքականությունը՝ անցնելով պատժամիջոցների ռեժիմի: ՆԱՏՕ-ի երկրներին ուղղված նրա կոչը դրա մասին է խոսում:

Սակայն նման բարդ կոնֆիգուրացիաների պայմաններում նաև այլ սցենարներ պետք չէ բացառել, սակայն միտումը կայուն է, և ՌԴ ԱԳ նախարարի  մեկնաբանությունը տեղին է, արտացոլում է  իրավիճակը»,- ասաց Լուկիանովը:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, նրա խոսքով, Հարավային Կովկասում Թրամփի նախաձեռնությունը Ռուսաստանի համար խիստ անընդունելի չէ, քանի որ դրանում չկա ռեգիոնից ՌԴ-ի դուրսմղման ուղիղ նպատակ:

Ըստ նրա, այդ ռեգիոնում Թրամփի նախաձեռնությունը միտված է առավելապես խաղաղարար իմիջի ձևավորմանը:

«Ռուսաստանը, ինչպես ասացի, ուղիղ դեմ չէ այս ամենին, սակայն նաև հայտարարում է, որ կոնկրետ որոշումները պետք է բխեն ռեգիոնալ երկրների՝ այդ թվում՝ Ռուսաստանի ու Իրանի շահերից, ինչը կարելի է ապահովել քննարկումներով և որոշումներով 3+3 հարթակում: Իրավիճակն այսպիսին է, Հարավային Կովկասում ՌԴ-ԱՄՆ առճակատում չկա, կա աշխատանք, կա ցանկություն՝ համադրել շահերը: Բնականաբար, որոշ հարցեր էլ կախված են գլոբալ համաձայնություններից և միտումներից»,- ասաց նա:

Վերլուծաբանը գտնում է, որ ՌԴ-ն շարունակում է ռեգիոնում պասիվ դիրքավորումը: «Այս փուլում սրան ավելանում են նաև Ադրբեջանի հետ խնդիրները, որոնք հնարավորություն չեն տալիս ռուսական դիվանագիտության նախաձեռնություններն ընդունել: Ուստի այստեղ ՌԴ-ն շարունակում է հարաբերությունները՝ պահելով այն, ինչ կա»,- ասաց Լուկիանովը:

Տեսանյութեր

Լրահոս