
«Իմպիչմենտ չուզողները փոխարենն ի՞նչ են առաջարկում». Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարան է ներկայացրել Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ հայտարարության նախագիծ։
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և անհատ քաղաքացիներին, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, միավորվել իշխանափոխության այս պահին ամենաիրատեսական եղանակի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շուրջ։ Փոփոխությունների ժամանակը հիմա է՝ նախքան վերահաս և հնարավոր է՝ կործանարար նոր աղետները»,- ասված է հայտարարության մեջ։
Սրանից զատ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ խորհրդարանական լսումներ և քննարկումներ են անցկացնելու արտախորհրդարանական ուժերի հետ։
«ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանի և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ»,- ֆեյսբուքյան իր էջում ավելի ուշ գրել էր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, խոսելով իմպիչմենտի վերաբերյալ իրենց խմբակցության առաջարկած քայլերի մասին, նշեց՝ առաջարկում ենք իշխանափոխության հասնելու ճանապարհ, բայց, միաժամանակ, բաց ենք թողնում դուռը՝ այլ առաջարկներ ընդունելու համար։
«Այո՛, անհրաժեշտ է «Հայաստան» խմբակցության՝ այս գործընթացի միացումը կամ միասին ընդհանուր եզրեր գտնելը, բայց, մյուս կողմից՝ կան արտախորհրդարանական ուժեր, որոնց հետ մենք այս փուլում փորձում ենք աշխատել, որ կարողանանք ավելի լայն ճակատ ձևավորենք։ Մենք ուզում ենք հասկանալ՝ եթե եկան ուժեր, որոնց համար իմպիչմենտն ամենաարդյունավետ տարբերակը չէ, չեն ուզում, այդ դեպքում իրենք ի՞նչ են առաջարկում դրա փոխարեն»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը քաղաքական դաշտի համար հնարավորություն է տալիս շարժվել արդյունավետ քայլերի ճանապարհով՝ մինչև 2026 թվականի հերթական ընտրություններ, որոնք ՔՊ-ական իշխանության օրոք խիստ կասկածելի են դառնալու մինչև ընտրությունները քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու համատեքստում։
«2026 թվականին կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ընտրությունների ցանկացած արդյունք մեր երկրի համար որևէ իրավիճակ չփոխի, այնպես որ՝ քաղաքական փոփոխությունների համար անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա»,- ասաց պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։