Իրանն ու Ռուսաստանը գրոհային գործողություններ են մշակել «Արևմուտք-2025»-ի շրջանակում

Իրանի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները «Արևմուտք-2025» զորավարժությունների շրջանակում գրոհային գործողություններ են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժարանում «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլի անցկացման ընթացքում մարտավարական օդային դեսանտի գլխավոր ուժերը, միավորվելով առաջատար խմբերի հետ, բնակավայրում ջախջախել են հակառակորդին և անցել տեղանքը պահելու գործողությունների», – ասվում է հաղորդագրության մեջ:

Դեսանտային ստորաբաժանումները կվադրոցիկլներով, որոնց վրա տեղադրված են «Պլամյա» հաստոցավոր ավտոմատ նռնականետներ, իրանական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ, հետախուզական անօդաչուների և հարվածային FPV-դրոնների աջակցությամբ զորաշարժ են իրականացրել բնակավայրի ուղղությամբ։

Երկու երկրների զինծառայողները հենակետի գրավման գործողություններ են մշակել ՀՄՄ-2–ով և ՀՄՄ-2մ–ով (համալրված «Բերեժոկ» մարտական մոդուլով)` «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրի ծածկապաշտպանությամբ:

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ստորաբաժանումները, Ռուսաստանի զինված ուժերի մոտոհրաձգային զորամասերի աջակցությամբ, հաջող գրոհային գործողություններով գրավել են հակառակորդի հենակետը:

Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը: Զորավարժություններին հրավիրվել են նաև ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, այլ գործընկեր պետությունների ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբերը և զորակազմերը:

Տեսանյութեր

Լրահոս