ՍԴ-ն վարույթ ընդունեց ՀԷՑ-ին առնչվող ընդդիմադիրների դիմումը. «Ազատություն»

Սահմանադրական դատարանն ավելի քան երկու ամսվա լռությունից հետո այսօր ի վերջո վարույթ ընդունեց ընդդիմադիրների դիմումը, որը վիճարկում է ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը: Ըստ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, դիմումն ընդունվել է թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի, թե՛ դատարանի աշխատակարգի կետերի խախտմամբ. ըստ օրենքի, Բարձր դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե՞ ոչ: Որոշումը դեռ չի հրապարակվել, Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը «Ազատությանը» միայն կարճ փոխանցեց՝ իրենք օրենք չեն խախտել: Այս մասին գրում է «Ազատությունը»։

««Ոչ մի ժամկետ չի խախտվել, բոլորը օրինական, օրենքով, Սահմանադրական դատարանի մասին օրենսդրության տառին համահունչ, նորմերին համահունչ, էդ դիմումի քննարկումը ընթացել է և էսօր քննության է ընդունվել: Մեր կայքում կդնենք՝ կնայեք», – ասաց Սաֆարյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների սահմանադրականության հարցով պատգամավորների դիմումը Բարձր դատարան է մուտք արվել հուլիսի 11-ին: 30-օրյա ժամկետը լրանալուց հետո՝ օգոստոսի 22-ին, Արծվիկ Մինասյանը գրություն է ուղարկել Սահմանադրական դատարան՝ խնդրելով ներկայացնել՝ փոխվե՞լ են արդյոք դիմումի քննության ժամկետները: Պատասխան չեն ստացել: Այդ ընթացքում ՀԷՑ-ում իշխանության կողմից նշանակված նոր ժամանակավոր կառավարիչը մի շարք կադրային ու ֆինանսական առանցքային որոշումներ է ընդունել:

«Քանի դեռ որևէ բացատրություն չկա տրված, իսկ օրենքով և աշխատակարգով սահմանված ժամկետները արդեն անցել են, ես կարող եմ ողջամտորեն ենթադրել, որ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց անգործությամբ կամ հանցավոր անփութությամբ կամ կանխամտածված, դիտավորյալ գործողություններով ձախողում են սահմանադրական նորմի ի կատար ածումը», – այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր Մինասյանը:

Ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանին միջնորդել էին նաև կասեցնել օրենքի գործողությունը, մինչև Բարձր դատարանը գործով վերջնական որոշում կկայացնի: Նման որոշում նաև միջազգային արբիտրաժն է կայացրել, որը, սակայն, Կառավարությունը հրաժարվում է կատարել:

«Մենք կիրառել ենք մեր օրենքը, որը գործում է», – հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Եվ մինչ գործադիրն անտեսում է ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը, իսկ ներպետական ատյաններում առհասարակ քննությունը չի էլ սկսվել, միջազգային հեղինակավոր վարկանիշային ընկերություններից մեկը՝ Мoody’s-ը, նվազեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկանիշը՝ հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձնելով «բացասական»։

«Լիահույս եմ, որ հարցը, ինչ վերաբերում է էն անորոշությունների հետ, որը կապված է ՀԷՑ-ի հետ, արագ լուծում կստանա, որի արդյունքում մեր ռեյտինգի նվազեցումը կլինի ու կկրի կարճաժամկետ բնույթ, ուստի չեմ կարծում, որ ինքը ինչ-որ երկարաժամկետ ազդեցություններ պետք է ունենա, առավել ևս ֆինանսական կայունության վրա», – հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահը:

Չնայած Մարտին Գալստյանի այս լավատեսությանը՝ գործակալության մասնագետները նաև կանխատեսում են, որ Կառավարության վերջին փոփոխություններից հետո ՀԷՑ-ի վարկանիշը առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրանա»,–գրում է «Ազատությունը»։

Տեսանյութեր

Լրահոս