Լրագրողին բռնnւթյան ենթարկելու գործով ձերբակալված կա. ՆԳՆ

Արդեն հայտնել ենք, որ լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 12-ին քաղաքացուց ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ դիմակավորված անձի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

«Սեպտեմբերի 15-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է միջադեպի մասնակիցներից մեկը, որը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան»,- տեղեկացրեցին ՆԳՆ-ից:

Ավելի վաղ Tert.am-ին ՔԿ-ից հայտնել էին. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Ֆիզիկական ներգործությունը): Կատարվում է նախաքննություն։ Սպառնալիքների թեմայով այս պահի դրությամբ հաղորդում չի ստացվել»:

Tert.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, Կարապետյանի ահազանգի վերաբերյալ ինչ քայլեր են ձեռնարկել:

«Կճշտենք, կհասկանանք, այս պահին ավելացնելու այլ բան չունեմ»,- Tert.am-ին փոխանցեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ երեկ լրագրող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանը իր ֆեյսբույքան գրառման համար նախ սպառնացել է իրեն, հայհոյել:

Տեսանյութեր

Լրահոս