Բաժիններ՝

Միջազգային հանրությունը դատապարտել է Կատարում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության վրա իսրայելական հարձակումը

Աշխարհի տարբեր երկրներ դատապարտել են Կատարում ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության վրա իսրայելական հարձակումը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հարձակումն անվանել է բռնության անհանդուրժելի ընդլայնում և հարված Կատարի ինքնիշխանությանը։ Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը շեշտել է, որ Դոհայի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածներն անընդունելի են և խախտում են Կատարի տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավունքը։

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան խորը մտահոգություն է հայտնել Դոհայի վրա Իսրայելի հարվածների վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք Կատարի ինքնիշխանության խախտում են և հետագա սրացման նախանշան են։ Նա հավելել է, որ Կատարն առանցքային դեր է խաղում Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման ջանքերում, ինչին իր երկիրը լիովին աջակցում է։

Ֆինլանդիան և Նորվեգիան Կատարի վրա Իսրայելի հարձակումը համարել են սպառնալիք դիվանագիտությանը։ Պակիստանը, Ավստրալիան և Ճապոնիան  իրենց հերթին դատապարտել են Կատարի վրա Իսրայելի հարձակումը։

Արաբական երկրները նույնպես հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը խստորեն դատապարտել է հարձակումը՝ այն համարելով միջազգային իրավունքի ակնհայտ խախտում և վտանգավոր սրացում, որը խաթարում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։

Նույն համատեքստում Եգիպտոսի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի կողմից իրավիճակի սրացումը խոչընդոտում է Գազայում խաղաղության հասնելու միջազգային ջանքերին և սպառնում է տարածաշրջանային կայունությանը։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Հորդանանը, Քուվեյթը Իսրայելի հարձակումը որակել են որպես Կատարի ինքնիշխանության նկատմամբ բացահայտ հարձակում։

Ալժիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել հարվածի առնչությամբ:

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը հայտնել է, որ Թել Ավիվը միշտ չէ, որ գործում է ԱՄՆ շահերին համապատասխան՝ հավելելով. «Երբեմն մենք նախապես տեղեկացնում ենք Վաշինգտոնին, երբեմն՝ իրականացման ընթացքում, և, վերջին հաշվով, մենք ենք պատասխանատուն»։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարված է հասցրել Կատարի մայրաքաղաքին՝ թիրախավորելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական հարձակման ժամանակ սպանվել է շարժման հինգ անդամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս