Բաժիններ՝

ՀՀ նախագահի մամուլի խոսնակը դատապարտում է

Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դատապարտում է մայիսի 18-ին Սևան-Երևան ավտոմայրուղու վրա լրագրողների աշխատանքները խոչընդոտելու փաստը, երբ զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին:

Ստորև ներկայացնում ենք Արման Սաղաթելյանին ուղղված NEWS.am-ի հարցն ու նրա պատասխանը:

– Պարո՛ն Սաղաթելյան, մայիսի 18-ին Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին, խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, ինչի մասին մի քանի լրատվամիջոցներ արդեն տեղեկատվություն են հաղորդել համապատասխան մարմիններին: Ինչպե՞ս եք գնահատում կատարված:

– Միանշանակ բացասական եմ գնահատում, միանշանակ դատապարտում եմ: Հանրապետության Նախագահի ցուցումով ես հենց նույն օրը շփվել եմ «Արմնյուզ», «Շանթ», «Կենտրոն» հեռուստաընկերությունների եւ մյուս լրատվամիջոցների ղեկավարների հետ, մեր աջակցությունն ու սատարում եմ հայտնել: Կատարվածի պատշաճ ուսումնասիրումը նույն պահից սկսած գտնվում է մեր ուշադրության կենտրոնում:

Վստահ ենք, որ իրավասու մարմիննները օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում կպարզեն կատարվածի բոլոր հանգամանքները: Վաղուց ժամանակն է, որ առանձին պաշտոնատար անձինք մեկընդմիշտ վերանայեն իրենց վարքագիծը եւ ընկալեն մեր երկրի ժողովրդավարական զարգացման մակարդակին համահունչ գործելաոճի հրամայականը»:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին, երբ բանակում զոհված զինծառայողի հարազատներն, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին, նրանց ճանապարհը փակել են ՊՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցները: Տեղի է ունեցել բախում ուժայինների ու զոհվածի հարազատների միջեւ: Միջադեպը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտել են ուժային կառույցների աշխատակիցները, խլելով նրանց տեսախցիկներն ու հիշողության կրիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս