ՌԴ «խաղաղ» արձագանքը՝ Հարավային Կովկասում Թրամփի նախաձեռնությանը․ ինչի՞ է նախապատրաստվում Ռուսաստանը

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչակագիրը և դրանից բխող ԱՄՆ դիրքերի ամրապնդումը Հարավային Կովկասում դեռ երկար կքննարկվի միջազգային ու ռեգիոնալ մամուլում։

Բացի փորձագիտական և հանրային արձագանքներից, շատ կարևոր ու հետաքրքիր են նաև ՀՀ գործընկեր երկրների արձագանքները։ Դրանք ցույց են տալիս շատ ավելի խորքային միտումներ, որոնք հնարավոր չէ «շոշափել» այլ ձևաչափերով անդրադարձներում։

Օգոստոսի 8-ի իրադարձություններից հետո շատերը սպասում էին արձագանքի հենց Ռուսաստանի Դաշնությունից։

Ուշագրավ է, որ արձագանքը եղավ ոչ անմիջապես և բավականին հավասարակշռված։ Ի դեպ, այդ արձագանքը, կարելի է ասել, որ տեղի ունեցավ Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպման ազդարարմանը զուգահեռ։ Սպիտակ տանը Փաշինյանի ու Ալիևի հետ առանձին փաստաթղթեր, ապա եռակողմ հռչակագիր ստորագրելուց հետո Թրամփը հայտարարեց Պուտինի հետ Ալյասկայում սպասվող հանդիպման մասին։

Կարդացեք նաև

Վերադառնալով ռուսական արձագանքին՝ հիշեցնենք, որ եղավ արձագանք ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով։

Նա նշեց, որ Մոսկվան դրական է գնահատում ամերիկյան կողմի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացած հանդիպումը և հույս ունի, որ այն կնպաստի խաղաղության հաստատմանը:

«Ռուսաստանը դեռ պետք է հավելյալ վերլուծության ենթարկի տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող վաշինգտոնյան հայտարարությունները: Ռուսաստանի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները դեռ ակտուալ են, քանի որ կողմերից որևէ մեկը դրանցից չի հրաժարվել»,- նշել էր Զախարովան։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ՝ «հարկավոր է նաև հաշվի առնել Հայաստանի ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքին մաս կազմելու գործոնը, մասնավորապես` հանրապետության տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների տեսանկյունից»։

Այնուհետև օգոստոսի 11-ին տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը։ Փաշինյանը Պուտինին ներկայացրել էր օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները և քաղաքական երկխոսությունը։ Կրեմլից հաստատում էին այս զրույցը՝ նշելով, որ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Իր հերթին՝ Վլադիմիր Պուտինը խոսել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում հանդիպման նախապատրաստման մասին:

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ի շարունակություն երկու երկրների ղեկավարների միջև կայացած զրույցի, Արարատ Միրզոյանը ՌԴ իր գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը, ինչպես նաև՝ ընդգծել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում վերահաստատված հիմնարար սկզբունքները: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել այս կարևոր հանգրվանի կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարարի շնորհավորանքի և աջակցության համար:

Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել ՀՀ և ՌԴ միջև երկկողմ համագործակցության հարցերի: Ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում ավել էր մեկ նախադասություն․

«Ս.Վ. Լավրովը շեշտեց Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ համաձայն 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի կենտրոնական դերակատարմամբ։ Նշվեց Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակել նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը»։

Սա, ըստ էության, հայ-ադրբեջանական բարձրաստիճան առաջին հանդիպումն է երրորդ հարթակում, որը ռուսական կողմը պաշտոնական մակարդակում սուր քննադատության չի ենթարկում, չի անում այնպիսի ավանդական հայտարարություններ, որ Արևմուտքի ներգրավվածությունը ռեգիոնում անկայունության աղբյուր է, որ Արևմուտքի ներկայությունը սրում է աշխարհաքաղաքական միջավայրը ռեգիոնում։

Ընդհանուր առմամբ, ռուսական կողմի արձագանքն այս անգամ շատ հավասարակշռված ու հանդարտ է։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը գտնում է, որ Ռուսաստանը նպատակադրված սպասում է Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև հանդիպմանը։

Ըստ նրա, մինչ Թրամփ-Պուտին հանդիպումը կողմերը որոշակի դիրքավորվել են, նախապատրաստվել այս բանակցություններին, և չի բացառվում նաև, որ դիրքավորվել են հայ-ադրբեջանական գործընթացի հարցում։

Սիմոնովն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ Թրամփի ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը ռուսական կողմի հետ բանակցել է թե Ուկրաինայի, թե Մերձավոր Արևելքի, թե Երևանի ու Բաքվի հետ հայ-ադրբեջանական հակամարտության հարցերի շուրջ։

«Որքան էլ սրանք տարբեր թեմաներ են, կա փոխկապակցվածություն, և նման բանակցությունների ընթացքում բոլոր հարցերը մի փաթեթում են դիտարկվում։ ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ ռեգիոնից, այլ պատրաստվում է պարզապես բանակցել ԱՄՆ նախագահի հետ, յուրաքանչյուր հայտարարություն ՌԴ-ից կարող է ազդել այդ բանակցությունների վրա։ Բացի այդ, ներկայումս ՌԴ-ն թուլացած է Հարավային Կովկասում, իսկ կողմերն այլ միջնորդ ու երաշխավոր էին փնտրում, գտան ԱՄՆ նախագահի տեսքով։ Որքանո՞վ տևական ու ամուր կլինի Թրամփի հետ կնքված համաձայնությունը՝ բարդ է ասել, բայց ակնհայտ է նաև այն, որ աշխարհաքաղաքական պայքարը ո՛չ այդ համաձայնությամբ, ո՛չ էլ առաջիկայում տեղի ունենալիք ռուս-ամերիկյան հանդիպմամբ չի ավարտվելու։ Ուստի ես այս ամենը կդիտարկեի վերադիրքավորումների շրջանակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնովը։

Սակայն նա նաև գտնում է, որ սա էական առաջընթաց է ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում, սա հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին լրջորեն հաստատվել այս ռեգիոնում։

«Սակայն կրկնեմ, որ այն հեշտ չի լինելու և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի տեսանկյունից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս