
«Յունիբանկը»՝ Ուրարտու ֆուտբոլային ակումբի տիտղոսային և առաջին գլխավոր հովանավոր

«Յունիբանկի» շնորհիվ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համար այսուհետև բացվում են նոր հորիզոններ։ Մեկնարկում է Ֆուտբոլային ակումբի և «Յունիբանկի» լայն համագործակցությունը, որով ֆուտբոլային ակումբի պատմության մեջ բացվելու է նոր էջ՝ ապահովելով լրացուցիչ ռեսուրսներ ենթակառուցվածքների զարգացման, ակադեմիայի և սոցիալական ծրագրերի իրականացման համար։
Այս համագործակցությամբ «Յունիբանկը» կդառնա Հայաստանի կրկնակի չեմպիոն և քառակի գավաթակիր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը. հուշագիրը ստորագրեցին հունիսի 27-ին՝ ակումբի մարզաբազայում՝ «Յունիբանկի» վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը և «Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը։
Հուշագրի ստորագրումից հետո Ակադեմիայի փոքրիկ ֆոտբոլիստները «Յունիբանկի» վարչության նախագահին նվիրեցին առաջին խորհրդանշական տիտղոսային մարզաշապիկը։ Մեսրոպ Հակոբյանն ուրախությամբ ընդունեց նվերը՝ խոստանալով ակումբի խաղերին գնալ հենց այդ մարզաշապիկով, և կատակեց՝ գեղեցիկ շապիկ է, «Յունիբանկի» տարբերանշանով՝ ավելի լավը։
Ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն այսօրվանից իսկ հանդես են գալու հենց այս մարզաշապիկներով։
«Յունիբանկը» պատահական չի ընտրել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը, Մեսրոպ Հակոբյանի խոսքով՝ ակումբը մեծ ջանքեր է գործադրում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում։
«Սա առաջնահերթ համարում ենք առաքելություն, որն անում ենք ֆուտբոլի զարգացման գործում։ Սա է մեզ գրավել, որ մենք նույնպես ներգրավվենք գործընթացում, որպեսզի երեխաները լավ պայմաններում սովորեն և դառնան բարձրակարգ ֆուտբոլիստ։ Մեր բանկի համար պատիվ է լինել ՀՀ առաջատար ֆուտբոլային ակումբներից մեկի տիտղոսային հովանավորը։
Բանկը միշտ աշխատել է ու շարունակում է հովանավորել սպորտը՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական։ Իսկ այս ակումբում միավորվում է՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ սիրողական սպորտը։ Բոլորս էլ գիտենք, որ «Ուրարտու» ակումբը մանկապատանեկան դպրոցների առաջատարներից մեկն է. եթե չասեմ՝ առաջատարը, եթե չեմ սխալվում՝ 1500 երեխա է այցելում ֆուտբոլային դպրոց։ Մեր բանկի համար շատ կարևոր է նմանատիպ նախաձեռնություններին հնարավորինս աջակցելը»,- նշեց Մեսրոպ Հակոբյանը։
Նա նաև հույս հայտնեց, որ սա կլինի ոչ թե միանվագ գործարք, այլ կունենա շարունակականություն, քանի որ «Յունիբանկը» մշտապես աջակցում է սպորտի զարգացմանը Հայաստանում և առողջ ապրելակերպի տարածմանը։
«Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը նշեց, որ երկար ժամանակ ակումբը գլխավոր հովանավոր չի ունեցել, տարբեր համագործակցություններ եղել են, սակայն ոչ այսպես, ուստի ակնկալում է բուռն համագործակցություն, և շեշտեց, որ ակումբի և «Յունիբանկի» տեսլականները համընկնում են։
«Մենք միշտ բաց ենք համագործակցության համար բոլոր նրանց համար, ովքեր կիսում են մեր գաղափարները։
«Ուրարտուի» առաջին խնդիրը միշտ բարձրագույն խմբի չեմպիոնությունն է։
Ինչ վերաբերում է Ակադեմիային, ապա մեր հիմնական նպատակից՝ ֆուտբոլիստներ դաստիարակելուց բացի, նաև կարևոր է, որ առաջին հերթին կարողանանք դաստիարակել լավ մարդ։ Երեխան մեզ մոտ ստանում է ոչ միայն ֆուտբոլային կրթություն, այլև այն դաստիարակությունը, որով վաղը կարող է դառնալ մեր երկրի արժանի քաղաքացի»,- շեշտեց Դավիթ Շախբագյանը։