7 հայ սպանելու դեպքում կփակվեն դժոխքի 7 դռները, իսկ 8-րդին սպանելու դեպքում կբացվի դրախտի դուռը. Հայոց ցեղասպանությանն ականատես քրդեր

Թուրքական Islah Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուի Belge հրատարակչատանը տպագրվել է քուրդ Գյուլչիչեք Գյունել Թեքինի «Ինձ առանց լողացնելու հուղարկավորեք» խորագրով գիրքը, որում ներկայացված Հայոց ցեղասպանությանն ականատես 126 քրդերի վկայություններ:

Գրքի ստեղծման աշխատանքները տևել են 6 տարի, այն բաղկացած է 600 էջից: Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քրդերի վկայությունները ստանում են գրքային տեսք: Գրքի հեղինակն այդ նպատակով հետազոտություն է անցկացրել նախկինում հայաբնակ շրջաններում՝ Դիարբեքիր, Վան, Էլյազըղ, Մուշ, Բիթլիս, Հաքքարի, Դերսիմ, Կարս, Աղրը (Արարատ):

Գրքում նշված ականատեսներից մեկը 128-ամյա Միհեմեդե Էրսեն է, ով ներկայումս ապրում է Սիիրթի (Սղերթ) նահանգի Էրուհ շրջանում, իսկ 1915 թվականին ծառայել է քրդական «Համիդիե» գնդում:

Էրսեն հայտնել է, որ այն ժամանակ հայերի և քրդերի միջև չի հակամարտություն, ուղղակի «Իթթիհաթ վե Թերաքքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցությունը պլանաչափորեն կազմել է ցեղասպանության նախագիծ և դրանում ներգրավել է քրդական ցեղերի առաջնորդներին՝ նրանց հրամայելով կոտորել հայերին: Նա հիշեցրել է նաև Հայոց ցեղասպանության ժամանակ քրդերի մի մասի կողմից (երկրից փախչելու հարցում) հայերին ցուցաբերած օգնության մասին:

Իսկ Մուշում բնակվող ականատես Մելլե Ալի Յըլդըզը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ժամանակ քրդաբնակ շրջաններ ուղարկված իմամները հայտարարում էին, որ 7 հայ սպանելու դեպքում կփակվեն դժոխքի 7 դռները, իսկ 8-րդ հային սպանելու դեպքում կբացվի դրախտի դուռը: Յըլդըզը հավելել է, որ դրան դեմ դուրս եկան քուրդ 147 իմամներ և հրապարակեցին ֆեթվա՝ նշելով «Ո՛չ, սա սպանդ է»:

Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին Դիարբեքիրի Առևտրի ու արդյունաբերության պալատի նախագահ Գալիփ Էնսարիօղլուն, հանդես գալով Ստամբուլում կազմակերպված «Քրդական սեմինարում», անդրադարձ էր կատարել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իրականացված գազանություններին.

«Ընդհանուրի մեջ մենք էլ մի քիչ մեղքի մեր բաժինն ունենք: Մենք` քրդերս, իթթիհատականների ազգային պետության ստեղծման ժամանակ գլուխներս կորցրինք և հայերի ու ոչ մուսուլմանների հանդեպ իրականացված բռնությունների ժամանակ ոչ միայն դիտորդի դերում չմնացինք, այլեւ գործիք դարձանք իթթիհատականների ձեռքում: Այն ժամանակ այս հողերում բնակվողների 25 տոկոսը ոչ մուսուլմաններ էին: Հայերը մեր ձեռքով մորթվեցին»:

Հենց այդ ամենը հանգեցրեց նրան, որ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում բնակվող քրդերը բավական հարստացան, սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց, քանի որ շատ շուտով եկավ նաև նրանց հերթը:

Տեսանյութեր

Լրահոս