
ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում. Մարկ Ռյուտե

ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել իր ռազմական ներկայությունը Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևում։
Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վիլնյուսում կայացած ամփոփիչ ասուլիսում, որտեղ տեղի է ունեցել «Բուխարեստյան իննյակի» (Բուլղարիա, Հունգարիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա և Չեխիա) և ՆԱՏՕ-ի հյուսիսային երկրների (Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Իսլանդիա) ընդլայնված ձևաչափով անվտանգության հարցերով գագաթնաժողովը։
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ իրեն անընդհատ երկու հարց են տալիս՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները, որպես դաշինքի անդամ, դեռևս հավատարիմ է կոլեկտիվ անվտանգության իր պարտավորություններին, և արդյո՞ք նա դուրս կբերի իր զորքերը։ «Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորություններին: Զորքերի դուրսբերման հարցում նման նշաններ չկան»,- պատասխանել է Ռյուտեն:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նշել է, որ վերջին ամիսներին ինքը մի քանի առիթներով հնարավորություն է ունեցել զրուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա թիմի հետ։ «ՆԱՏՕ-ի արևելյան թևից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություն չկա»,- ասել է Դուդան։
Ինչպես նշել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, տարածաշրջանում ամերիկյան զորքերի առկայությունը հավաքական անվտանգության կարևոր գործոն է։ «Մենք հուսով ենք, որ Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը մեզ դրական նորություններ կբերի»,- մեկնաբանել է Նաուսեդան ամերիկյան զորքերի հնարավոր կրճատման մասին լուրերը։