«Կմեռնեմ ուրբաթ երեկոյան». Մոր հոգատար սիրո և դստեր՝ ազատություն փնտրող հոգեբանության բախումը՝ Պարոնյանի բեմում

Մոր և դստեր սիրո, հոգատարության, երբեմն էլ՝ սահմանափակումների, բարդ ու թվացյալ պարզ հարաբերությունների մասին է պատմում Ալդո Նիկոլայիի «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան» պիեսը, որի առաջնախաղը տեղի ունեցավ օրերս՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացման առանցքում մոր՝ չափից ավելի հոգատար սիրո և դստեր՝ ազատություն փնտրող հոգեբանության բախումն է։

Մեկ գործողությամբ կատակերգությունը բեմ է բարձրացել Անուշ Սարգսյանի բեմադրությամբ, արդիական այս թեմային բեմադրիչը հաղորդել է սրություն, ծիծաղ և ծիծաղի միջոցով՝ ճշմարտության բացահայտում։

Ներկայացման 90-ամյա գլխավոր հերոսուհուն բեմում մարմնավորել է դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը, ով նաև պիեսն է թարգմանել։

Ներկայացման առաջնախաղից հետո 168.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ պիեսը թարգմանելիս հավատարիմ է մնացել տեքստին, խոստովանելով, որ որոշ բաներ կրճատել են, ավելի սեղմ դարձրել, քանի որ պիեսը բավականին ընդգրկունէ եղել։

Կարդացեք նաև

«Հայաֆիկացնելու խնդիր չկար, բայց դե «էլ դու սուս»-ը կարելի է համարել հայաֆիկացված, որը բոլորիս առօրյա խոսակցական լեզվում կա։

Այս ներկայացման գլխավոր ուղերձն այն էր, որ մայրերն այդքան սեփականատեր չլինեն իրենց երեխաների նկատմամբ»,-նշեց նա։

Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի կարծիքով՝ միշտ չէ, որ իրական կյանքում եսասիրությունն օգնում է մարդկանց, այդ թվում՝ մայրերին։

«Եթե վերցնենք մարդկային մեղքերից գոռոզամտությունը և դրա կողքին դնենք եսասիրությունը, իհարկե, միշտ չէ, որ օգնում է, բայցնայած ինչպես ես գործածում այդ եսասիրությունը։ Փաստորեն, ըստ Ալդո Նիկոլայիի, այս կինը, ի վերջո, հաղթեց:

Չնայած՝ հետաքրքիր է, որ թարգմանելու ժամանակ, երբ վերջաբանը կարդացի, ինձ թվաց, որ չի վերադառնալու աղջիկը, բայց իրականությունն այն է, որ պիտի վերադառնար, ի՞նչ պիտի աներ:

Օրինակ ես, իրական կյանքում դստերս հետ ոչ թե մայր ու դուստր ենք, այլ ընկերուհիներ, քույրեր։

Խոստովանում եմ՝ հուզվեցի բեմում, որովհետև ինչքան էլ այլանդակ լինի իմ կերտած կերպարը, նա առաջին հերթին կին է, մայր, չէր կարող չհուզվել»,-ասաց դերասանուհին։

Պիեսը բեմադրելու առաջարկն Անուշ Սարգսյանը ստացել է Տիգրանուհի Տեր-Մարկոսյանից և Զարուհի Խաչատրյանից, ով ներկայացման մեջ մարմնավորում է 90-ամյա կնոջ դստերը։

«Պիեսն ինձ տվեցին, ասացին՝ կարդա, եթե հավանես, կբեմադրե՞ս, ես էլ կարդացի ու հավանեցի, ասացի՝ կբեմադրեմ, որից հետո սկսեցինք աշխատել։ Ինտենսիվ փորձեր ենք արել, կես խոսքից բոլորսիրար հասկացել ենք, համերաշխ ենք աշխատել, սրտացավ ենք եղել։ Կպանք գործի ու արեցինք:

Ինքս տարիքով փոքր չեմ, կյանքի ընթացքում հազար տիպի մարդկանց եմ հանդիպել՝ ընտանիքներ, ընկերներ, բարեկամներ, որոնք նմանատիպ խնդիրների առաջ են կանգնել: Այսինքն՝ այս խնդիրը մեզ, ամբողջ աշխարհին է հոգեհարազատ: Չկա այդպիսի մի ազգություն, որ այսպիսի խնդիր չունենա։ Մի խոսքով` թեմատիկորեն այն արդիական է և կարծում եմ՝ կլինի արդիական, հետո բարձրացված հարցերն էլ այսօրվա հարցեր են»,-պրեմիերայից հետո մեզ հետ զրույցում նշեց Անուշ Սարգսյանը։

Բեմադրիչը ևս փոխանցեց, որ պիեսը 2 գործողությամբ է, սակայն բեմադրելիս այն ավելի սեղմ են դարձրել, սակայն դրանից պիեսի բովանդակությունը չի տուժել։

«Երբ ներկայացման ավարտին բացվում են վարագույները, մայր ու դուստր նստած են սեղանի շուրջ, այսինքն՝ սա ցույց է տալիս, որ կյանքը շարունակվում է։ Ամեն դեպքում, նա իր մայրն է, ինչպես նա նրա աղջիկն է, նրանք անբաժան են, երբեք չես կարող ուրանալ, ինչ հանգամանք էլ կյանքում լինի։

Ինքս ընտրում եմ այնպիսի պիես, որի նյութն ինձ հուզում է, հետաքրքիր է: Միայն խնդիրը կոմեդիաներն ու դրամաները չեն, խնդիրը դերասանական խաղն է:

Շատ կներեք, բայց այսօր 2-3 սերիալում հայտնվում են ու արդեն իրենց համարում, թե աստղ են: Ու ժողովուրդն այդպես ընդունում է նրանց, ասում է` դերասան են: Ախր դերասանը լրիվ ուրիշ բան է, դրա համար դպրոց պիտի անցնի, սա ամբողջ մի կյանք է, Աստծո կողմից տրված շնորհք է, որ մարդիկ կա՛մ ունեն, կա՛մ չունեն։ Ամեն մարդ չի, որ կարող է դերասան դառնալ: Միշտ առաջին խնդիրն ինձ համար այն է, որ բեմում եթե մեկը գործում է, ուրեմն՝ ինքը պիտի լինի հավաստի, հուզի, ծիծաղի»,-ընդգծեց Անուշ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս