
Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտնել է ինքնալուծարման մասին

Թուրքիայում արգելված և ահաբեկչական ճանաչված Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ, PKK) հայտարարել է ինքնալուծարման և պայքարի դեմոկրատական մեթոդների անցման մասին։
«ՔԱԿ-ի արտահերթ համագումարը եզրակացրեց, որ ՔԱԿ-ի պայքարը տապալել է մեր ժողովրդին մերժելու և ոչնչացնելու քաղաքականությունը և քրդական հարցը բերել է ժողովրդավարական և քաղաքական մեթոդներով կարգավորման փուլ: Այս առումով ՔԱԿ-ը կատարել է իր պատմական առաքելությունը: Համագումարը որոշեց լուծարել ՔԱԿ-ի կազմակերպչական կառուցվածքը և վերջ դնել պայքարի զինված մեթոդներին։
Մեր համագումարի ընդունած որոշումը ամուր հիմք է տալիս մշտական խաղաղության և ժողովրդավարական լուծման համար», – համագումարի ամփոփիչ հաղորդագրությունն է ներկայացրել Rudaw հեռուստաալիքը։
Տեքստում նշվում է, որ «պրակտիկ գործընթացը կիրականացնի և կկառավարի կուսակցության առաջնորդը (խմբ.՝ Աբդուլլահ Օջալանը)»:«
Այս փուլում կարևոր է, որ Թուրքիայի խորհրդարանը կատարի իր պատմական դերը», – հավելել է ՔԱԿ-ը: Համագումարի մասնակիցները «միջազգային տերություններին կոչ են արել ճանաչել իրենց պատասխանատվությունը (քուրդ) ժողովրդի դեմ իրականացված դարավոր ցեղասպանության քաղաքականության համար, չխոչընդոտել ժողովրդավարական լուծմանը և կառուցողական ներդրում ունենալ այս գործընթացում»։
Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ինքնալուծարվում է Թուրքիայի հետ 47 տարվա զինված պայքարից հետո, որի հետևանքով երկու կողմից տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել։