Մինչև 2023 թվականը Թուրքիան էներգետիկ ոլորտում կներդնի 130 միլիարդ դոլար. Թաներ Յըլդըզ
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/news-DezMkLz9iL.jpg)
Իրանական ILNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն Անկարայում ամերիկացի կոնգրեսականների հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է իրանական գազի գնման խնդրին:
Նա հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է գազ ստանալ Իրանից՝ չնայած Վաշինգտոնի գործադրած ճնշմանը, ով պահանջում է սահմանափակել էներգետիկ ոլորտում թուրք-իրանական համագործակցությունը:
Որոշակի տվյալներով՝ ամերիկացի կոնգրեսականները հանդիպման ժամանակ փորձել են համոզել, որ Թուրքիան հրաժարվի իրանական գազ գնելուց՝ խոստանալով դա փոխհատուցել ԱՄՆ-ից ավելի էժան գազի մատակարարմամբ:
Սակայն Թաներ Յըլդըզը պնդել է, որ Թուրքիայի համար չկա իրանական գազին այլընտրանք: Նա հավելել է, որ Թուրքիան մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) իր էներգետիկ ոլորտում ներդնելու է մոտ 130 միլիարդ դոլար:
Իրանը Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարար երկիրն է՝ Ռուսաստանից հետո: Երրորդ տեղում Ադրբեջանն է: