
Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի պատժամիջոցներին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել զարգացող երկրների միջև հարաբերությունները։ Թեհրանը կդիմադրի Վաշինգտոնի տնտեսական ճնշմանը։
Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։
«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանի և մի շարք այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի հետ տարբեր տնտեսական ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով»,-դիվանագետի խոսքերն է մեջբերվում հանրապետության արտաքին գործերի նախարարության «Տելեգրամ» ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Բաղաեին ընդգծել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը վկայում է ամերիկյան իշխանությունների հակասական մոտեցման, դիվանագիտական գործունեության մեջ բարի կամքի և լրջության բացակայության մասին։ Նա նշել է, որ իրանական ժողովուրդը կդիմադրի սպառնալիքի և ճնշման քաղաքականությանը՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցները՝ երկրի անկախ և արժանապատիվ զարգացումը շարունակելու համար։
Ապրիլի 30-ին ԱՄՆ վարչակազմը սահմանափակումներ է կիրառել Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում գտնվող յոթ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ենթադրաբար զբաղվում են իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի առևտրով։ Սահմանափակումների են ենթարկվել նաև երկու նավ։ Ինչպես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի անօրինական արտահանումը, այդ թվում՝ Չինաստան մատակարարումները։