Տարոն Մարգարյանը հորդորում է դիմել իրավապահ մարմիններին (տեսանյութ)

Քիչ առաջ թիվ 1/17 ընտրատեղամասում ընտրության եկավ Երևանի գործող քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը: Նա ընտրության էր եկել իր ընտանիքի հետ:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք լուրերը, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում և այն, որ օքսիդացող կնիքները ժամանակից շուտ են մաքրվում անձնագրերի վրայից, Տարոն Մարգարյանը պատասխանեց.

«Եթե նման փաստեր են արձանագրվել՝ կխնդրեի պարտադիր դիմել իրավապահ մարմիններին: Մենք էլ ենք նման դեպքերը դատապարտում, բայց մենք նման լուրեր չունենք: Եթե կան նման փաստեր, թող դիմեն իրավապահ մարմիններին: Թանաքների հետ կապված ինձ թվում է, այդ հարցին կպատասխանի ԿԸՀ-ն»:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ ՀԱԿ-ը Ձեր հայտարարագրած ունեցվածքի մասին դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, Տարոն Մարգարյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Շնորհակալություն»:

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ՀՀԿ-ին չի հաջողվի բավարար ձայներ հավաքել և քաղաքական այլ ուժերը հետընտրական կոալիցիա կկազմեն, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Բոլոր ուժերը, երբ մասնակցում են ընտրություններին, բնականաբար, բոլորն էլ վստահ են, որ հաղթանակը իրենց կողմն է: Դրա մասին ոչ ոք մտավախություն չունի»:

Տեսանյութեր

Լրահոս