Բաժիններ՝

Գազայում մեկ օրում 40 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է շուրջ 40 մարդ, վիրավորվել՝ 73-ը: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Զոհերից ավելի քան 15-ը, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են եղել, այրվել են իսրայելական ուժերի կողմից Խան Յունիսի Մավասիի շրջանում տեղահանվածների վրանների ռմբակոծության հետևանքով:

Բացի այդ, մեկ ընտանիքի վեց անդամ զոհվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Բեյթ Լահիայի շրջանում, ևս 7-ը՝ Ջաբալիա ճամբարում տեղահանվածների վրանների թիրախավորման հետևանքով։

Արևմտյան ափին իսրայելական ուժերը գրոհել են մի քանի քաղաքներ և գյուղեր, այդ թվում՝ Նաբլուս քաղաքը, Տուբասից հարավ գտնվող Տամուն գյուղը և Հեբրոնից հյուսիս գտնվող Բեյթ Ումմար գյուղը:Ավելի վաղ  Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր, որ իր երկրի կառավարությունը թույլ չի տա օգնություն տրամադրել Գազայի հատվածին՝ որպես ՀԱՄԱՍ-ի վրա ճնշում գործադրելու միջոց։

ՀԱՄԱՍ-ն արձագանքել է այս հայտարարությանը՝ դա համարելով «ռազմական հանցագործության հրապարակային ընդունում»:

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ առնվազն 51 065 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 116 505-ը, որոնց թվում 1691 զոհ և 4464 վիրավոր գրանցվել է մարտի 18-ին ռազմական գործողությունների սրացումից հետո:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս