
Հյուսիսային ծովում բախումից մեկ օր անց բեռնանավում բռնկված հրդեհը դեռ չի մարվել

Հյուսիսային ծովում մարտի 10-ին նավթատար տանկերի և բեռնանավի բախումից մեկ օր անց բեռնատար նավում հրդեհը դեռ շարունակվում է։ Անձնակազմի անդամներից մեկն անհետ կորած է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Պորտուգալական դրոշի տակ նավարկող Solong բեռնանավի սեփականատերերը հայտնել են, որ նավը չէր տեղափոխում նատրիումի ցիանիդ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր. նավում եղել է 4 դատարկ կոնտեյներ, որոնցում ժամանակին տեղափոխվել էր այդ թունավոր քիմիական նյութը։
Մարտի 10-ին Արևելյան Յորքշիրի ափերի մոտ Solong-ը բախվել էր ԱՄՆ-ի դրոշի տակ նավարկող Stena Immaculate լցանավին, որից հետո լցանավում ևս հրդեհ էր բռնկվել։
Մեծ Բրիտանիայի նախարարներից մեկը հայտնել է, որ Solong-ի անձնակազմի անդամներից մեկն անհետ կորած է։ Ենթադրվում է, որ նա մահացել է։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում լսումներ տեղի կունենան, որոնց ընթացքում տրանսպորտի փոխնախարարը հայտարարություն կանի երկու նավերի բախման վերաբերյալ։