«Իշխանությունները ստում են. Պատանդները խոշտանգումների են ենթարկվում, նրանց էլ ի՞նչ պետք է անեն, որ իշխանությունները խոսեն». Աշոտ Դանիելյան

Բաքվում շարունակվում է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ իրականացվող «դատավարական» գործընթացը։ Մարտի 4-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով փետրվարի 17-ից գտնվում է հացադուլի մեջ, հրաժարվել էր դատարանում խոսել, որից հետո դատական նիստը տեղափոխել են մարտի 11-ին։

Այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է, իսկ նրանց ֆիզիկական վիճակն ու հյուծվածությունը նույնիսկ լուսանկարներով/տեսանյութերով է տեսանելի:

Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Աշոտ Դանիելյանի խոսքով՝ ողջ հայ ազգին պետք է հետաքրքրի Բաքվի դատարանում ընթացող գործընթացը, քանի որ այնտեղ դատվում են անմեղ հայեր։ Իսկ Երևանում ընթացող բողոքի ակցիաները՝ կլինեն Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների, ՄԱԿ գրասենյակի, Կառավարության ու ԱԳՆ շենքերի մոտ, կարևոր են։

«Մենք պետք է հասկանանք, որ նրանք միայնակ չեն դատվում, Բաքվի դատարանում դատում են բոլորիս։ Մենք տարբեր մակարդակներում լսում ենք, թե Հայաստանի իշխանություններն այս գործով զբաղվում են՝ սուտ է, իշխանությունները ստում են։ Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունը որևէ ջանք է գործադրում, որպեսզի մեր գերիներն օր առաջ վերադառնան։ Եթե իսկապես կան քայլեր, թող ներկայացնեն՝ ինչ են անում, որովհետև իրենք արդեն իրենց հայտարարություններով վնասել են պատանդներին։ Պատանդները խոշտանգումների են ենթարկվում Բաքվի բանտում, նրանց էլ ի՞նչ պետք է անեն, որ իշխանությունները խոսեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Դանիելյանը։

Կարդացեք նաև

Արցախի ԱԺ պատգամավորի կարծիքով՝ պատանդների, գերիների համար իրականացվող բողոքի ակցիաները պետք է բազմամարդ լինեն, ճնշումները պետք է մեծացվեն ՀՀ կառավարության ու միջազգային հարթակներում։

Նա կիսում է այն տեսակետները, որ ՀՀ իշխանությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը մեծ վախեր ունի գերիների վերադարձի հետ կապված։

«Նիկոլ Փաշինյանն իր կառավարման տարիներին այնպիսի դավաճանություններ է կատարել, և ցանկացած անձի խոսք, որը կարող է վնասել իր իշխանությունը մեկ օր ավելի պահելուն, ջանք չի խնայի այդ խոսքը լռեցնելու համար։ Հետևաբար, իրենց համար ապահով ու նորմալ է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բանտում։

Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, գան նոր իշխանություններ, որոնք գերիների հարցը կբերեն օրակարգ։ Այս իշխանությունների դեպքում գերիների վերադարձն իրատեսական չէ, որովհետև ես չգիտեմ՝ իրենք ինչ են բանակցում Ադրբեջանի հետ, մինչդեռ օրակարգում առաջինն այս հարցը պետք է լիներ»,- շեշտեց Աշոտ Դանիելյանը։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, Աշոտ Դանիելյանը նկատեց՝ Հայաստանի իշխանութունների համար Արցախի հարց առհասարակ չկա, բայց աշխարհի, նույնիսկ Ադրբեջանի համար Արցախի հարցը փակված չէ։

Նրա խոսքով՝ եթե համարեին, որ Արցախի հարցը փակված է, օրակարգ չէին բերի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին խոսույթը։ Արցախի մասին խոսում են բոլորը, բացի Հայաստանի իշխանություններից։

Տեսանյութեր

Լրահոս