
Թրամփը Կանադայի և Մեքսիկայի որոշ ավտոարտադրողների համար մեկ ամսով չեղարկել է մաքսատուրքերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ ամսով կազատի Կանադայի և Մեքսիկայի ավտոարտադրողներին 25% մաքսատուրքերից, քանի դեռ նրանք հետևում են ազատ առևտրի գործող կանոններին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։
Նշվում է նաև, որ Թրամփը պատրաստ է լսելու այլ ապրանքների մասին, որոնք պետք է ազատվեն մարտի 4-ին ուժի մեջ մտած մաքսատուրքերից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հստակեցրել է, որ չի չեղարկում Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ սահմանած մաքսատուրքերը, որոնց միջոցով փորձում է ճնշում գործադրել այդ երկրների վրա՝ ուժեղացնելու ֆենտանիլի մաքսանենգության կանխումը։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփն ասել է, որ վերջինս իրեն չի համոզել, որ իրավիճակը բարելավվել է։
«Նա ասաց, որ (իրավիճակն) ավելի լավ է, բայց ես ասացի, որ դա բավարար չէ։ Հեռախոսազրույցն ավարտվեց «քիչ թե շատ» բարեկամական մթնոլորտում», – գրել է Թրամփն իր Truth Social հարթակում մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցից հետո։
Ըստ հանրային հասանելի տվյալների՝ ԱՄՆ-ում առգրավված ամբողջ ֆենտանիլի միայն 0,2%-ն է երկիր մուտք գործում Կանադայի սահմանից, մինչդեռ թմրանյութի մեծ մասն ԱՄՆ է մտնում հարավային սահմանից:
Կանադան պատրաստ է նվազեցնել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դիմաց ձեռնարկված պատասխան քայլերը, եթե Թրամփի վարչակազմը չեղարկի իր կողմից սահմանված մաքսատուրքերի մի մասը, Reuters-ին հայտնել է կանադական կառավարության աղբյուրը: