Հովհաննես Շահինյան. «Քաղաքապետ լինելու է Արմեն Երիցյանը»
«Մենք հաղթելու ենք, և քաղաքապետ լինելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց «Օրինաց Երկիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Հովհաննես Շահինյանը:
Նա նշեց, որ Արմեն Երիցյանն այն կառավարիչն է, ով իր աշխատանքով է ապացուցել, որ կարողանում է համակարգ կայացնել: Հովհաննես Շահինյանի կարծիքով, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներդրված մեթոդոլոգիան պետք է ներդրվի նաև քաղաքապետարանում: Նախընտրական քարոզարշավի ընթացքը նա գնահատեց նորմալ և նշեց, որ իրենց նկատմամբ խոչընդոտներ չեն հարուցվել, սակայն մամուլից տեղեկացել են, որ իրենց մրցակից այլ ուժերի նկատմամբ այդպիսի դեպքեր եղել են, ինչը, բնականաբար, ՕԵԿ-ը դատապարտում է:
«Մենք չենք ասում՝ փորձեք մեզ, մենք ասում ենք՝ տվեք մեզ լծակ, քվե, և մեր թիմը՝ իր արհեստավարժությունն օգտագործելով, լուծելու է խնդիրը»,- ասաց Հովհաննես Շահինյանը: Նա նկատեց, որ Երևանն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այդ խնդիրները ծրագրով չի կարելի լուծել, պետք է կարողանալ հիմնավորել ներկայացրած ծրագիրը և բացատրել, թե ինչպես պետք է Ա կետից Բ կետ հասնել: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի հնչեցրած քննադատություններին, Հովհաննես Շահինյանը վստահցրեց, որ իրենք ձայն ստանալու համար չէ, որ հնչեցնում են քաղաքի խնդիրներին առնչվող քննադատություններ, և չեն ասում բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն: