Զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքում նախատեսված պատիժները կխստացվեն. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկվում է խստացնել Քրեական օրենսգրքի 461- րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տասներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։

Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։

Տեսանյութեր

Լրահոս