Ոստիկանություն և «գողականներ» համագործակցության «պիկը»՝ ընտրություններին
«Իր խորքի մեջ մեծագույն հանցագործություն է տեղի ունեցել, իսկ մենք գիտենք, որ արձագանքները համարժեք չեն լինում: Ուրեմն՝ քաղաքը շարունակելու է մնալ նման լարված իրավիճակում… կենտրոնական թե ծայրամասային, դա կարևոր չէ, քաղաքում նման բան է եղել, և ամեն պահին հնարավոր է նման իրադարձություն»,- galatv.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցներից, դրան հաջորդող զարգացումներից ու պաշտոնական խոստումներից, կարծիք է հայտնել իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ ամենաբարձր մակարդակով իրավապահ մարմիններն ամեն անգամ խոստումներ են տվել, բայց հետևողականություն չի ցուցաբերվել:
«Որպես կանոն՝ իրավապահ համակարգը դրա համար է ստեղծված, որ իմանան, կանխեն, պատժեն, բայց որպես կանոն, վերջում պարզվում է, որ իրենք ավելի քիչ գիտեն, և ժողովուրդը շատ ավելին գիտի: Չի կարելի… երբ մենք խոսում ենք ապահով Հայաստանի, մեր կյանքի ապահովության մասին, դա պիտի կոնկրետ քայլերով արտահայտվի: Չգիտես ինչու՝ իրավապահ մարմինները արձագանքում են ամենավերջում, երբ ամեն ինչ ավարտված է լինում, և ամպագոռգոռ հայտարարություններ են անում: Էդ համակարգը ստեղծված է, որ ինքը մեզանից շատ ինֆորմացիա ունենա և կանխի, իրենք գիտենան իրենց աշխատանքը՝ ինչ է հասունանում: Եթե սկսվել է ինչ-որ տեղից, կանխարգելումը պետք է լինի գործառույթը: Եթե առաջին գործողության ժամանակ տեսաք, որ պատից հրացան է կախված, երկրորդի դեպքում պետք է անպայման կրակի»:
Սեյրան Մարտիրոսյանի կարծիքով՝ ոստիկանապետը այսօր խոսում է «կլանների և գողականների» մասին, սակայն բոլորին է հայտնի, որ շատ ոստիկաններ ամենասերտ հարաբերություններն ունեն նման հեղինակությունների հետ:
«Ոստիկանությունը դրա համար է, որ կարողանա սանձել… բայց ոստիկանությանը որոշ բաներ խանգարում է: Առաջին՝ դա այն է, որ ոստիկանները ամենասերտ հարաբերություններն ունեն այդ, իրենց բնութագրմամբ, գողական շերտերի հետ: Լիարժեք աշխատող և համագործակցող կողմեր են դրանք, և այդ համագործակցությունը, որպես կանոն, իր «պիկին» է հասնում ընտրությունների նախաշեմին:
Եվ դա եղել է երկար ժամանակ, ասում ենք այն, ինչ տեսել ենք՝ ներառյալ վերջին ընտրությունները: Ոստիկաններն այնտեղ են, որ հասարակական կարգը պահպանեն, մեծագույն պատկառանքով խոսում են այդ նույն տեղում կանգնող հեղինակությունների հետ, և նրանց թելադրանքով է այդ թաղում, ոչ թե ոստիկանների: Եվ հաջորդ էտապը՝ գալիս են հանրապետական մասշտաբի հեղինակությունները, և ոստիկաններն ընդհանրապես անհետանում են, որովհետև այնտեղ վտանգավոր է մնալը:
Այս անգամ արդեն թաղային հեղինակություններն են պատկառանքով և քծնանքով զեկուցում իրավիճակի մասին: Ի՞նչ կապ ունեն այս ամենը քաղաքական գործընթացների, ընտրությունների հետ, և ոստիկանը չի՞ տեսնում այս ամենը, և թույլ տվեք չհավատալ ոստիկանապետի խոսքերին, որ առաջվանը չեն և պրոֆեսիոնալ են»: