Ներողություն խնդրելո՞ւ եք. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ճղճիմ խոսույթ որակեց Ալեն Սիմոնյանի՝ արցախցիների վերաբերյալ արած հայտարարությունները և Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ միանո՞ւմ է դրան, թե պատրաստ է ներողություն խնդրել իր թիմակցի ասածների համար:

Պատգամավորը մասնավորապես նշեց, որ ՀՀ-ն երկար տարիներ եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ 2018-ից իշխանության գալով՝ հայտարարեցին, թե սկսում են զրոյական կետից. «Ի վերջո, բանակցային գործընթացի ձախողումից հետո բանը հասավ պատերազմին և բոլորս գիտենք՝ ինչ եղավ: Դրանից հետո, գնացիք Ալիևի, Էրդողանի մոտ ճանաչեցիք Արցախը՝ Ադրբեջանի կազմում, որից հետո արցախահայերը հայտնվեցին շրջափկման մեջ, և 9 ամիս ահռելի դժվարությունների մեջ մնալով, ի վերջո ենթարկվեցին հարձակման և էթնիկ զտման:

Մենք, իհարկե, գիտենք սրա հետ կապված բոլոր արդարացումները՝ մեղավոր են բոլորը՝ Լևոն Տեր-Տեր Պետրոսյանից սկսած մինչև ՌԴ նախագահ և այլն: Սակայն, երեկ ձեր թիմի անդամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի ուրիշ աբսուրդի հասցրեց այս ամենը՝ մեղադրելով այդ ամենում հենց արցախահայերին, ովքեր այդքան երկար մնալով այդ վիճակում՝ մեկ-երկու օր դիմադրելուց հետո ստիպված են եղել թողնել, այլ ճար չունենալով: Խոսում եք մարդկանց մասին, ովքեր ընտանիքում, գրեթե բոլորը ունեն կա՛մ զոհ, կա՛մ վիրավոր: Այս ճղճիմ խոսույթին Դուք միանո՞ւմ եք, թե՞ պատրաստ եք այստեղ ներողություն խնդրել Ձեր թիմակցի ասածի համար»:

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ներողություն չխնդրեց, այլև ընդգծեց՝ դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք են ոչ ճղճիմ:

Կարդացեք նաև

«Դուք այս և տարբեր ամբիոններում առանց կաշկանդվելու և առանց սահմանափակման արտահայտում եք Ձեր կարծիքը, կործում եմ՝ ուրիշներն էլ իրավունք ունեն արտահայտել իրենց կարծիքը, մանավանդ, որ եթե Ձեր հարցի ձևակերպմանը վերադառնանք, Ձեր հարցի մեջ էնքան փաստական սխալներ կան, որ եթե դրանց անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն Դուք ունեք, բայց ես այդպիսի բան Փեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է Ձեզնից նման բան ակնկալելը: Եթե նույնիսկ անիմաստ չէ, Ձեր ներողություն կամ դրա բացակայությունը պարզապես այս համատեքստում որևէ արժեք չունեն, որովհետև Դուք ասում եք՝ զրոյական կետից, որից հետո բանակցությունները ձախողվեցին. եթե բանակցությունները ձախողված չլինեին, զրոյական կետի մասին խոսելու անհրաժեշտություն չէր լինի: Այդ ո՞վ կգար՝ հաջողված բանակցային գործընթացը կասեր…

Ընդհակառակը, բանակցային գործընթացը որ հաջողված լիներ, նոր եկողը կասեր՝էս ինչ լավ է, հաջողված բանակցային գործընթաց է, բերեք՝ դափնիները վերցնենք մեզ: Մինչև հիմա, ես զարմանում եմ, էլի, Դուք բանակցային գործընթացից եք խոսում, խոսում եք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչել-չճանաչելու հետ կապված: Ինչքան էլ անհարմար թվա, մեր ընդհանուր պրոբլեմները նրանից են, որ մենք չենք առերեսվում ճշմարտությունների հետ: Այդ բոլոր թեմաներով Ձեր հայրիկին և զուգահեռ մյուս գործընկերներին, երբ հարցեր էին բարձրացնում, ասի՝ շատ լավ, եկեք գնանք ուղիղ եթերում կանգնենք, խոսանք:

Դուք ասացիք՝ բանավիճելու բան չունենք, Ձեր հայրիկի փոխարեն Դուք հանդես եկաք, հիմա ի՞նչ եք եկել՝ այստեղ բանավիճում: Ունե՞ք բանավիճելու բան, թե՞ չունեք բանավիճելու բան: Եթե Ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես ընդհանրապես Ձեզ հետ բանավիճելու բան չունեմ ընդհանրապես: Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում, կա՞ բանավիճելու բան, թե չկա: Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, ովքեր 2021-ի ընտրություններից առաջ միավորվել էինք, որպեսզի միասնական ճակատով հանդես գային, թող ճշտի՝ կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա»:

Լևոն Քոչարյանը նկատեց՝ աբսուրդ է բանավիճել այն հարցի շուրջ, թե իբր միշտ բանակցվել է Արցախը տալու մասին, և ընդգծեց՝ Փաշինյանը կամ գոնե Արարատ Միրզոյանը կարող էին ընդունել Վարդան Օսկանյանի՝ բանավեճի առաջարկը:

«Ես հասկացա մի բան, որ Ալեն Սիմոնյանի խոսույթի հետ դուք համաձայն եք, ով վիրավորել է 120 հազար մեր հայրենակիցների»,- եզրափակեց նա:

«Ես ուզում եմ հասկանամ՝ Ձեր հայրիկը Վարդան Օսկանյանի հետևում թաքնվում է և ասում է՝ թող Վարդան Օսկանյանը բանակցի՞: Իսկ կարո՞ղ է պարզվի, որ բանակցությունների ընթացքում էլ ինքը չի կարողացել բանակցել, Վարդան Օսկանյանի հետևից է բանակցել: Ուրիշ բան բանակցելու չի էլ եղել»,-շարունակեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ եթե փոխադարձ քաղաքական կսմիթների ժանրից մի պահ մի կողմ անցնեն և կենտրոնանան բովանդակության վրա՝ ուրիշ բան չի եղել:

«Եվ այս ընթացքում ինչքան այդ իմ ասածներին ի պատասխան փորձել են փաստեր ի հայտ բերել, հակառակն ապացուցելու համար, բոլոր ի հայտ բերված փաստերն ապացուցել են իմ ասածը: Այն, ինչ ասում եմ, փաստաթղթած իրողություններ են, որոնք հրապարակված են: Երեք նախագահներն էլ ասում են՝ թող հրապարակեն, դուք հրապարակեք, ձեր մոտ են: Հիմա աշխատանք արվում է: Ես ամեն ինչ հրապարակել եմ, բայց խնդիր չեմ տեսնում, հիմա գույքագրվում է: Դա էլ ասենք, որ ձեզ չթվա, թե կա բանակցությունների ինստիտուցիոնալացված առաջին, երկրորդ, երրորդ հատոր, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի մասը կանդիցիաների միջից ենք հանում, մի մասը ընդհանրապես մասնավոր մարդ գալիս՝ մեզ տալիս է: Դուք թողել եք, որ մի դարակում դրած լինե՞ր: Դրած լիներ՝ կասեինք՝ վերցրեք, ձեզ ենք տալիս: Չկա համակարգված մի տեղում դրված, ցաքուցրիվ է: Ինտրիգ մի ստեղծեք դրա շուրջ, ուշ թե շուտ հրապարակվելու է, բան չեք ունենալու ասելու: Այդ հրապարակվածը ձեր վիճակը չի լավացնելու, միայն վատացնելու է: Հեն է, ամերիկացիք հրապարակեցին, դրանցի ձեզ լա՞վ էր, թե՞ վատ էր: Մեր մասով ինչ հրապարակելու կա, մենք ինքներս բանավոր թողարկել ենք, ես գնացել եմ քննիչ հանձնաժողով, հրապարակային 4-5 ժամ պատմել եմ բոլոր հնարավոր բաները: Չնայած՝ էլի են պատմելու բաներ մնացել, ոնց էլ չլինի՝ այստեղ-այնտեղ պատմել եմ»,-եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս