![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման պայմանները
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/Kobaxidze.png)
Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի առանց Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շվեյցարական Die Weltwoche շաբաթաթերթին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ երկրի իշխանությունները վարում են պրագմատիկ քաղաքականություն, առանց որի Վրաստանը չի գոյատևի։
Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան՝ հավելելով, որ դրանք Թբիլիսիի կողմից ընդհատվել են 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։
Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի՝ Թբիլիսիի և Մոսկվայի միջև դեռևս չկան դիվանագիտական հարաբերություններ, քաղաքական կապեր, քաղաքական շփումներ։
«Առանց մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, բնականաբար, դիվանագիտական հարաբերությունները չեն վերականգնվի, սա նաև իրավական խնդիր է, ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական», – հարցազրույցից հատված է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը։
Կոբախիձեն նաև նշել է, որ Թբիլիսին մտադիր է պահպանել Մոսկվայի հետ գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունները։
«Բայց մենք ունենք առևտրատնտեսական հարաբերություններ, սա է ներկայիս իրավիճակը, և մենք մտադիր ենք այս պատկերը պահպանել մեր հարաբերություններում», – հավելել է վարչապետը։
Ռուսաստանը ներկայումս Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 5,4 տոկոսով և կազմել 5,4 միլիարդ դոլար։ Ռուսաստանի մասնաբաժինը վրացական արտահանման մեջ 2024 թվականին կազմել է 10,8%։ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների բաժինը կազմել է ամբողջ ներմուծման 11,2%-ը։