Բաժիններ՝

Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան․ MediaHub․am

Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։

«Այո, դրոշը երեկ է հեռացվել, իմ որոշմամբ»,- մեզ հետ զրույցում նշեց Քոլոյանը։

Ստորև ներկայացնում ենք ամբողջական զրույցն՝ առանց խմբագրման։

– Պարոն Քոլոյան, այսօր այդ հատվածով էի անցնում և նկատեցի, որ Արցախի դրոշը չկա։ Ե՞րբ և ինչո՞ւ է հանվել։

– Այո՛, երեկ է հանվել։

– Ինչո՞ւ։

– Շատ պարզ պատճառով, որովհետև սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե Արցախի։

– Այսի՞նքն։ Արցախի դրոշը որևէ կերպ խանգարո՞ւմ էր Հայաստանի Հանրային ռադիոյին Հայաստանի Հանրային ռադիո լինելուն։

– Ես նշանակվել եմ այստեղ՝ որպես Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն, ես Արցախի Հանրային ռադիոյի տնօրենը չեմ։ Դժբախտաբար, շատ ողբերգական ավարտ է այդ ամեն ինչն ունեցել, և ես շատ եմ ցավում բոլորի նման, բայց ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրային ռադիոյի համար։ Ես նստել, թերթել եմ իմ աշխատանքային պայմանագիրը, և այնտեղ ոչ մի տող չեմ կարդացել, որ ես պատասխանատու եմ նաև Արցախի Հանրային ռադիոյի համար։

– Պարոն Քոլոյան, հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրային ռադիոյում Բաքվի ժամացույցը կախեցիք․․․

– Ես այլ հարցերի չեմ պատասխանում։

– Դե բարեկամական մոտեցում ունեք հայասպանների նկատմամբ։

– Ես բարեկամական մոտեցում չունեմ։

– Դե, ամեն դեպքում ժամացույցի տեղադրումը դա էր ցույց տալիս, որ Դուք իրենց հետ որևէ խնդիր չունեք։

– Ես բոլորի հետ ունեմ խնդիր, բայց դա որևէ կապ չունի ժամացույցերի հետ։ Ժամացույցն ընդամենը մեխանիզմ է, դրոշը՝ այլ պետության սիմվոլ։

– Այսինքն՝ միայն Արցախի դրոշն ամեն ինչի հետ կապ ունի։

– Դուք ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, դուք Արցախում եղե՞լ եք ընդհանրապես։

– Իհարկե եղել եմ, դա ի՞նչ կապ ունի։

– Ես Ձեզ հավատացնում եմ՝ ես որպես լրագրող ձեզնից շատ ավելի շատ եմ եղել։

– Դուք ավելի տարիքով եք, ու նորմալ է, որ ավելի շատ եք եղել, Ձեր աշխատանքն եք կատարել։

– Ես Ձեզ պատասխանեցի, ես պատասխանատվություն եմ կրում Հայաստանի Հանրային ռադիոյի համար։

– Հասկանում եմ, բայց Արցախի դրոշը Ձեզ խանգարո՞ւմ էր Ձեր պատասխանատվության հարցում։

– Դուք ո՞ր լրատվամիջոցից էիք։

– MediaHub.am:

– MediaHub-ի տանիքին կա՞ Արցախի դրոշ։

– Մենք բարձրահարկի առաջին հարկում ենք և ներսում ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դրոշ։

– Դուք եկեք, ես Ձեզ մի դրոշ էլ կնվիրեմ, այն մեկը չէ, որ հանել ենք։

– Սիրով կվերցնեմ, բայց ինձ ասեք, թե ինչ է արվելու դրոշը, որը հանվել է։

– Մենք պետական հիմնարկ ենք, և պետական հիմնարկի տանիքին և մոտը պետք է լինի այդ պետության պետական դրոշը։ Եթե մենք ապրեինք Տանզանիայում, ես կասեի, որ Տանզանիայի դրոշը դրվեր։

– Ինչո՞ւ հիմա որոշեցիք, որ պետք է հանել Արցախի դրոշը։

– Քանի որ Հանրային ռադիոն ինձ է վստահվել։

– Կես տարի է՝ ինչ Ձեզ է վստահվել։

– Այո՛, օգոստոսից։ Ես կես տարի մտածել եմ։ Կներեք, որ դանդաղ եմ մտածել։

– Ու կես տարի անց հասկացաք, որ Ձեզ խանգարում է Արցախի դրոշը։

– Կես տարի անց հասկացա, որ ինձ առաջին հերթին պետք է Հայաստանի դրոշը։

– Իսկ Հայաստանի դրոշին ինչո՞վ էր խանգարում Արցախի դրոշը։

– Ոչ մի բանով չէր խանգարում, սա իմ որոշումն է՝ որպես գործադիր տնօրեն։

– Այսինքն՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ Դուք հակակրանք ունեք Արցախի, դրոշի հանդեպ։

– Դա Ձեր եզրակացությունն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։

– Իսկ որպես գործադիր տնօրեն՝ Դուք այս հարցը քննարկե՞լ եք ռադիոյի աշխատակիցների հետ։

– Ես եմ որոշել։ Ինձ նշանակել են, ես եմ որոշել։

– Այսինքն՝ Ձեզ որևէ կերպ չեն ճնշել, իրոք Ձեր կամքո՞վ եք հեռացրել դրոշը։

– Իրոք իմ կամքն է։ Ուզում եք ասեմ՝ մամայիս, պապայիս արև։ Ո՞նց ասեմ, որ հավատաք՝ իմ կամքով է։ Ի՞նչ եք ուզում լսել։

– Կուզեի լսել, որ գոնե ստիպված եք հանել։ Ինչևէ, հանված դրոշն ի՞նչ է արվելու։

– Արցախի դրոշը հարգանքով բերվելու է իմ սենյակ, մենք այստեղ բացելու ենք թանգարան, այդ թանգարանի բաժիններից մեկը կլինի Արցախում աշխատած հայ լրագրողներին նվիրված։

– Շնորհակալ եմ։

– Հաջողություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս