«Ռուսաստանն ասում է՝ Արևմտյան Հայաստան, դու անգամ Արցախ բառն ես վախենում օգտագործել. դու պարտված իշխանություն ես». Ռուբեն Մելքոնյան
Նիկոլ Փաշինյան, ինչպե՞ս ես կարողանալու թույլ չտալ, որ գերտերությունները Հայոց Ցեղասպանության հարցն օգտագործեն, երբ դու անգամ չես կարողանում Հայաստանի տարածքներն ազատես ադրբեջական օկուպացիայից. 168 TV-ի եթերում դիմելով ՀՀ իշխանությանը՝ նման հարցադրում արեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
«Այդ ո՞ր մի պետությունը չի ցանկանում ապրել՝ առանց որևէ մեկից կախվածության, բայց չէ՞ որ աշխարհում կան խաղի կանոններ, ինչից ելնելով էլ՝ պետությունները, փոխադարձ շահերի վրա հիմնվելով, կարգավորում են իրենց հարցերը։ Քեզնից ոչինչ կախված չէ, քո ցանկությամբ չէ ոչինչ. որպեսզի թուրքերը քեզնից ձեռք քաշեն, այնքան շատ հարցեր պետք է բավարարես, որ վերջում որևէ բան չես ունենալու. պետություն չես ունենալու»,– հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետը ՀՀ իշխանության համար ևս մեկ անգամ հիշեցրեց՝ Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրության համար եղել է պետական ծրագիր, իսկ, օրինակ, Ռուսաստանը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Պետական Դումայի մակարդակով ընդունել է որոշում, որտեղ հենց դա է արձանագրել։
«Ռուսաստանում որոշում են ընդունել, որում ասված է, որ հայերի Ցեղասպանությունը տեղի ունեցել Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Կայսրությունում։ Այսինքն՝ Ռուսաստանն ասում է՝ Արևտյան Հայաստան, իսկ դու վախենում ես անգամ Արցախ բառն արտասանել»,- ասաց Ռ. Մելքոնյանը՝ ընդգծելով՝ երբ ՀՀ իշխանության ղեկավարը չի կարողանում զբաղվել արտաքին քաղաքականությամբ, և ստիպված սկսում է մեղադրել այն մարդկանց, որոնք կարողանում են այդ հաղթաթղթերն օգտագործել ՀՀ արտաքին քաղաքականության համար։
«Ի դեպ, Հայաստանի որևէ իշխանություն չի ասել, որ Հայոց ցեղասպանությունը պետք է Թուրքիան ճանաչի, ինչից հետո նոր սկսվեն բանակցություններ. բոլորն են պատրաստ եղել և բանակցել են առանց նախապայմանների՝ չուրանալով Ցեղասպանության հարցը. դու պարտված ես, թույլ, դու ուժեղ ես միայն Հ1-ի տաղավարում…»,- ասաց պատմաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։