Ըստ նախնական համաձայնության՝ Թուրքիան երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում
Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» օրաթերթի տեղեկություններով` Թուրքիան և Սիրիան արդեն ունեն նախնական համաձայնություն, որ Սիրիայի տարածքում կհիմնվեն երկու թուրքական ռազմաբազա։ Եվ հենց այդ հարցն է այսօր քննարկվելու կողմերի միջև։
«Թուրքիան և Սիրիան համատեղ պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրելու, որն ամրագրելու է, որ եթե Դամասկոսը հանկարծակի վտանգի առաջ կանգնի, ապա Թուրքիան պարտավորվում է ռազմական աջակցություն տրամադրել Սիրիային։
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը կպատրաստեն սիրիական բանակին և օդաչուներին, Թուրքիան նաև երկու ռազմաբազա կհիմնի Սիրիայում։ Ըստ պայմանագրի՝ Թուրքիան նաև 50 F-16 ռազմական ինքնաթիռ կտեղակայի այդ բազաներում՝ կանխելու ցանկացած հարձակում, որը կարող է թիրախավորել երկրի ինքնիշխանությունը»,-ասվում է հրապարակման մեջ։