Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը նոր կառավարիչ ունի
Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատը, որը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, նոր կառավարիչ ունի։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Գարիկ Բոշյանը նշանակվել է «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ–ի կառավարիչ»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
Նա հիշեցրել է, որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ ընկերության բաժնետոմսերը հանձնվել են Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։

