Կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու համար․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Ուկրաինայի կողմից իրանական առևտրային նավի վրա հարձակումը։
Նա նշել է, որ ուկրաինացի պաշտոնյաները, ինչպես Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ անմիջական շփումներում, այնպես էլ գրավոր հաղորդագրություններում, պնդել են, որ միջադեպը միտումնավոր չի եղել։ Սակայն Բաղային նշել է, որ Ուկրաինայի նախագահի հայտարարությունները վկայում են նպատակային հարձակման մասին։
Իրանի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ Ուկրաինային պատասխանատվության ենթարկելու և նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Հիշեցնենք՝ Թեհրանը մեղադրել է Կիևին Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման համար։ Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Կիևը պետք է փոխհատուցի հարձակման հետևանքով առաջացած վնասները։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ՝ քննարկելով միջադեպը։ Ուկրաինայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի գործողությունները, այդ թվում՝ իրանական նավին հարվածը, ուղղված են եղել բացառապես «ռուսական ագրեսիայից երկրի պաշտպանությանը» և նպատակ չեն ունեցել վնաս հասցնելու քաղաքացիական նավերին կամ մարդկանց։ Սիբիհան նաև կոչ է արել Իրանին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման:

