ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ․ Էսմայիլ Բաղայիի հայտարարությունները՝ կետերով
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում։
Բաղայիի հայտարարությունները ներկայացնում ենք կետերով․
Այս պահին Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չի վարում, իսկ Օմանի հետ բանակցությունները վերաբերում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման վերաբերյալ համաձայնության ձեռքբերմանը։ Դրանց նպատակն է սահմանել ժամանակավոր երթուղի, որը կապահովի Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը։
Քանի դեռ պահպանվում է ծովային շրջափակումը, և շարունակվում են Միացյալ Նահանգների գործողությունները, Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակում որևէ էական փոփոխություն տեղի չի ունենա։
ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ պատերազմ է ամբողջ տարածաշրջանի դեմ։ Վերջին հինգ ամիսների ընթացքում ականատես եղանք, որ ԱՄՆ-ի ներկայությունը տարածաշրջանում մեծացրել է անկայունությունը։
Պակիստանը միջնորդի դեր է կատարում Իրանի և Միացյալ Նահանգների միջև քննարկումներում․ Քաթարը նույնպես աջակցություն է ցուցաբերում։ Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Չինաստանի հետ, և Չինաստանը կիսում է մեր մտահոգությունները՝ կապված ԱՄՆ-ի հակամարտային վարքագծի սրման հետ։ Մեր չինացի բարեկամները ջանքեր են գործադրում իրավիճակի սրումը կանխելու համար, սակայն նոր միջնորդի ներգրավումը ճիշտ չի լինի։

