Մանուել Գասպարյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ապացուցեց, որ հնարավոր է երկրում առողջ նոր ուժ ձևավորել

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Էջմիածնում համակիրների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև «Ժողովրդական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանը: «Ժողովուրդն ապացուցեց, որ որևէ մի քաղաքական ուժ չի կարող նախանշել ընտրությունների ընթացքն ու արդյունքները»,- իր ելույթում հայտարարեց նա՝ հավելելով, թե  «Ժառանգություն» կուսակցության ու Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ էր, թե այն «սառած» մթնոլորտը, որը փորձ էր արվում ձևավորել ժողովրդի մեջ՝ չհաջողվեց:

«Ձեզնից մեկը լինելով՝ ես էլ չէի կողմնորոշվում՝ ի՞նչ դիրքորոշում որդեգրել, մեր խոսքին հավատացող էլեկտորատին դեպի ո՞ր ուղղվածությանը նախանշել: Քանի որ թեկնածուները շատ էին, ինքներս էլ չէինք կարողանում լիարժեք պատկերացնել դաշտը: Բայց փորձեցինք աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր ուժերին՝ լինելով ժողովրդի արդար քվեի կողմնակից, փորձեցինք թիմ ձևավորել ու որքան կարողացանք՝ պաշտպանեցինք այդ քվեները: Փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ապացուցեց, որ, իրոք, հնարավոր է երկրում առողջ նոր ուժ ձևավորել, երկրի զարգացումը տանել այն հունով, որն ուզում է տեսնել ժողովուրդը: Ձևավորվեց քաղաքական նոր դաշտ»,- ասաց Մ. Գասպարյանը:

Ինչ վերաբերում է «Բարև, Երևան» դաշինքին, ապա նա նշեց, թե «այս թիմը ոչ միայն կուսակցական նեղ շահերով» է առաջնորդվում, այլև իր մեջ փորձում է լայն զանգվածներ ներառել՝ «շարքայինից մինչև … Սուրեն Զոլյանը և, առհասարակ, նրանց, ովքեր իշխանության կողմից անտեսված են եղել»:

Մ. Գասպարյանն ասաց, որ «Բարև, Երևանը» պարտադրանքի լեզվով չի խոսելու ժողովրդի հետ ու վաստակելու է իր քվեն՝ միայն համոզելով ու ծրագրերը ներկայացնելով:

Կարդացեք նաև

Նա խոստովանեց, որ շարժումն ունեցել է փոքրիկ թերություններ՝ սկսած ընտրատեղամասերում վստահված անձեր չունենալու հանգամանքից, բայց ընդգծեց, որ դեռևս ամեն ինչ «կորած» չէ.

«Չի կարող ճիշտ գործը չբերել իր արդյունքը: Հավատացած եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի որդեգրած ուղին լայն տարածում է ունենալու: Ու տարածման ձնագնդին կամաց-կամաց մեծանալու է ու հանգեցնելու է ժողովրդի մեծամասնության աջակցությանը: Միայն այս դեպքում մենք կկարողանանք ջարդել գործող իշխանություններին: Գործող իշխանությունը վերջին տարիներին չի պատկերացնում իր իշխանությունն՝ առանց աթոռների, վարչական լծի, նյութապաշտության»:

Մանուել Գասպարյանը նշեց,որ գործող իշխանությունը շեղվել է մարդկային գործոնի պահպանման ճանապարհից ու չի պատկերացնում՝ ինչ վիճակում է շարքային քաղաքացին: «Իրենք ասում են՝ ձեզնից մեկն ենք: Բայց դա մենակ խոսքով չէ, չէ՞: Պետք է ձեր անմիջական մասնակցությունը յուրաքանչյուրի ընտանիքում ունենաք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը ցանկանում է օգնել իշխանությանը՝ «վեր կանգնելու նյութապաշտությունից, ուժ գտնելու՝ չգնելու մարդկանց հոգիները», բայց չգիտի՝ ինչպես:

Տեսանյութեր

Լրահոս