«Ձեզ ինչո՞ւ է թվում, որ բանակցողներն այնքան հիմար են, որ չգիտեն, որ կարող են ձայնագրվել հանդիպումներին ներկա դիվանագետների ու այլոց կողմից, ապա մի օր դառնալ լայն հանրության սեփականությունը»
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս մասին ուզում էի գրել վաղուց: «Ֆուտբոլային դիվանագիտությանը» նվիրված գրքիս հրատարակությանը հաջորդած մի սատավամիտ ու պսևդոինտելեկտուալ արձագանքի առիթով: Հիմա լավ առիթ եղավ:
Նրանք, ովքեր պետական ու դիվանագիտական ծառայության բարձրագույն խմբի փորձ ունեն, շատ լավ գիտեն, որ անգամ վարագույրների հետևում՝ տեսախցիկների օբյեկտիվից դուրս, առավել ևս նախագահների ու արտգործնախարարների մակարդակում ասված ամեն խոսք ու տեսակետ չէ, որ պարտադիր արտահայտում է հեղինակի իրական տեսակետը, մտադրությունն ու գլխում եղած հաշվարկը: Բա դիվանագիտությունն ի՞նչ է այդ պարագայում, եթե վարագույրների հետևում պետության առաջին դեմքերը դառնում են հարազատ քույր-եղբայրներ ու բացում են իրենց սրտերը, իրենց բոլոր խաղաքարտերը՝ իրար չեն խաբում, չեն մանևրում, իրար ծուղակը չեն դնում և այլն:
Ձեզ ինչո՞ւ է թվում, որ այդ մակարդակում բանակցողներն այնքան հիմար են, որ չգիտեն, որ նախ նման բանկացությունները կարող են ձայնագրվել կամ սղագրվել հանդիպումներին ներկա դիվանագետների ու այլոց կողմից, և ապա մի օր դառնալ լայն հանրության սեփականությունը: Վստահ եղեք՝ այդպես չէ: Նրանք գիտեն, որ հակառակն է: Եթե իհարկե բանակցողը կատարյալ անմեղսունակ չէ կամ իրեն «գժի տեղ չի դնում»:
Այնպես որ, անկախ թեմատիկայից ու երկրից, դիվանագիտական գաղտնի հաղորդագրությունների բացահայտումը որևէ լրջմիտ մարդու համար կարևոր, բայց բավարար աղբյուր չեն՝ հեռուն գնացող եզրակացություններ անելու ու որոշումներ կայացնելու համար: Առավել ևս, երբ ձեռքիդ տակ չունես ներգրավված բոլոր կողմերի համադրելի գաղտնի գրագրությունները: Հասկանալու, թե ներգրավված մյուս կողմե՞րն իրականում ինչ էին հաշվարկում ու իրենց մտքում ինչ ունեին:
Առավել ևս, երբ այդ երկրների կամ իշխանությունների շահերը առաջին պլան բերելու, դա որպես հիմքերի հիմք ընդունելու բանական թելադրանքի փոխարեն, հիմք ենք ընդունում այդ պետությունների առաջին դեմքերի գաղտնազերծված գրագրություններում ասվածն ու, որ ավելի ծիծաղելի է՝ նրանց հնչեցրած հրապարակային հայտարարությունները: Հայտնի խոսք կա չէ՞ դիվանագետներին լեզուն տրված է իրենց իրական մտքերը քողարկելու համար:
Պետությունների ղեկավարները նուրբ կամ շատ նուրբ հարցերում, անգամ ամենափակ քննարկումներում, բաց եղանակով կամ նույնիսկ ալեգորիկ, իրենց ասելիքն ու տեսակետը բարձրաձայնելու կարիք չունեն: Ինչո՞ւ: Որովհետև նախ վստահ են, որ այդ պարագայում իրենց ասելիքը մի օր կարող է հանրայնացվել ու իրենց դնել խոցելի վիճակում, ու ապա ամենանուրբ հարցերի վերբերյալ տեսակետների ու ուղերձների փոխանակման առավել հուսալի մեխանիզմներ գոյություն ունեն: Դա այդպես է արվում»: