Ադրբեջանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
«Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում Ադրբեջանի վերաբերյալ, այդ թվում՝ Ռուսաստանի պաշտոնական որոշ շրջանակներից, ապատեղեկատվական հաղորդագրությունների և նյութերի հրապարակումը թյուրիմացություն է առաջացրել, ինչը հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։
Ինչ վերաբերում է «Ռուսական տան» մասին տեղական մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, ապա ընդգծվել է, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ, որ Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երեկ էլ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն էր հրավիրվել ԱԳՆ: Ռուսական կողմն իր տարակուսանքն էր հայտնել ադրբեջանական մամուլում հակառուսական ուղղվածության հրապարակումների ի հայտ գալու, ինչպես նաև Բաքվում գործող «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առթիվ։
Ռուսական կողմի դժգոհության գլխավոր առիթն ադրբեջանական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Baku TV հեռուստաընկերության կողմից օրերս պատրաստված ռեպորտաժն էր։ Դրանում ադրբեջանցի լրագրողուհին պնդում էր, թե ռուսական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ռուսական տունն» իրականում լրտեսների որջ է։