«Սերժ Սարգսյանը մի գիշերում չի ստորագրել ԵԱՏՄ-ն. սրանք զբաղված են հույսի վաճառքով». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հերթական անգամ անդրադարձավ այն խոսակցություններին, թե Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ գիշերում է Հայաստանը դարձրել ԵԱՏՄ անդամ։
Այս համատեքստում նա խոսեց նաև ԵՄ-ի հետ տարվող նախկին քաղաքականության մասին։
«ԵՄ-ի հետ վարվող բանակցությունների և այն ժամանակ դեռևս Մաքսային միության հետ վարվող բանակցություններն ընթացել են զուգընթաց։ Բանակցային գործընթացից երկու կողմերն էլ տեղեկացված են եղել։ Մեր եվրոպացի գործընկերներն ի սկզբանե մեզ տեղեկացրել էին, որ «կա՛մ-կա՛մ»-ի, որևէ ընտրության պայման չկա՝ այս գործընթացները միմյանց բացառող չեն։ Ինչ-որ պահից սկսած՝ եվրոպացի մեր գործընկերները փոխեցին խաղի կանոնը և ասացին, որ «և՛-և՛»-ի գործընթացներ հնարավոր չեն, ու անհրաժեշտ է «կա՛մ-կա՛մ»-ը։ Հենց այդ ժամանակվանից սկսած՝ Հայաստանը բոլոր հնարավոր, ամենաբարձր մակարդակում տեղեկացրեց եվրոպացի մեր գործընկերներին, որ մենք ունենք ստրատեգիական շահեր, տնտեսական համագործակցություն և հետաքրքրված ենք Մաքսային միության անդամակցությամբ։
Ավելին՝ այն ժամանակ մենք առաջարկեցինք ստորագրել փաստաթուղթ, որը կպարունակի բացառապես քաղաքական բաղադրիչ, ինչին եվրոպացի գործընկերներն ասացին, որ հնարավոր չէ։ Չնայած դրան, շատ կարճ ժամանակ հետո նման փաստաթուղթ ստորագրվեց Ուկրաինայի հետ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև ընդգծեց՝ այդ ամենից հետո, երբ Հայաստանը ստորագրեց ՍԵՊԱ-ն, Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, բոլոր մասնակից երկրները գովերգում էին Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը։
«Այն ժամանակ որոշ երկրների փորձագետներ «ինչո՞ւ այսպես կարելի էր» ոճի հոդվածներ էին գրում, նորից գովերգելով Հայաստանի գրանցած արդյունքը։ Նույնիսկ ԵՄ-ի կողմից պատվիրված հետազոտություններով մեր գործընկերները մեզ ցույց էին տալիս, եթե ընտրվի այդ ուղին, ապա ՀՀ տնտեսության վրա, եթե չեմ սխալվում, 1-1,5 տոկոս ազդեցություն կունենա՝ աճ կտա։ Այդ վերլուծությունների ճշմարտությունը, կարծում եմ, ապացուցվում է ամեն տարվա տվյալների վերլուծությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչ կարող էր լինել ՀՀ տնտեսության հետ, եթե ժամանակին Սերժ Սարգսյանն այդ որոշումը չկայացներ։
Մեկ անգամ էլ փաստենք՝ մեկ գիշերվա մեջ որոշում գոյություն չունի, այդ իրադարձությունից հետո չեն վատթարացել հարաբերություններն այն ժամանակվա իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ու ԵՄ-ի կամ ՀՀ-ի միջև»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում