Ալիևը սիրում է սիմվոլիկաներ, և Բաքվի ջարդերից 35 տարի անց՝ նա Բաքվում դատում է Արցախի համար իրենց կյանքը տված գործիչներին․ Նաիրա Զոհրաբյան
Այսօր Բաքվում կմեկնարկի արդեն մեկ տարուց ավելի ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։
Որ պրոցեսներն իրականում «շոուներ են», որոնք ունեն բացառապես քաղաքական նպատակներ, ակնհայտ է նաև միջազգային հանրության համար, սակայն ինչո՞ւ չի ստացվում կանխել գործընթացը՝ 168․am-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ նախկին պատգամավոր, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, «Ժողովրդավարություն և անվտանգություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետևյալ արձանագրումն է անում․ «Ես՝ որպես միջազգային կառույցների հետ աշխատող գործիչ, կարող եմ ասել՝ միջազգային հանրությունը պասիվ է, որովհետև այդ կառույցներից ում հետ խոսում ես, մեկ բան է ասում՝ ՀՀ իշխանությունը չի ձևակերպում մեր առջև խնդիր, որ մենք Ադրբեջանի հետ բանակցություններում բարձրացնենք Արցախի քաղաքական էլիտայի վերադարձի հարցը։ Չկա՛ ՀՀ իշխանության օրակարգում նման հարց»:
Նաիրա Զոհրաբյանը սա տրամաբանական շարունակությունը համարեց Նիկոլ Փաշինյանի կողմից գեներացվող այն տրամադրությունների, թե «նրանք պետք է գային, ՀՀ-ում հեղաշրջում անեին»։
«Եվ եթե դրան գումարում ենք Ալիևի վերջին հայտարարությունը, թե Ադրբեջանի դատախազությունը դիմել է ՀՀ իրավապահ համակարգին, որ բազմաթիվ հանցագործներ և վկաներ, որոնք դեռևս գտնվում են ՀՀ տարածքում, կանչվեն հարցաքննության այս գործով, ու իբրև դրան արձագանք՝ ՀՀ իշխանության խուլ անտարբերությունը, պարզ է դառնում, թե ինչու միջազգային կառույցները ձայն չեն հանում»,- հավելեց քաղաքական գործիչը։
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ այն արձագանքներն ու քննադատություններն էլ, որոնք եղել են միջազգային կառույցներից, անատամ են, քանի դեռ մնում են թղթի վրա։
«Հիշենք, որ Եվրոպական պառլամենտը վերջերս բավականին կոշտ հայտարարություն ընդունեց՝ առաջին անգամ շատ հստակ արձանագրելով Արցախի ղեկավարների ազատ արձակումը, բայց մենք հասկանում ենք նաև, որ նույն եվրոպական կառույցների հայտարարություններն ընդամենը զուգարանի թուղթ են, եթե դրան չեն հետևում կոնկրետ քայլեր՝ օրինակ, սանկցիաներ Ադրբեջանի հանդեպ։
Մենք նայում ենք՝ երկու օր է, ինչ-որ անհասկանալի ուրախություն է ԱՄՆ-ի հետ կնքված ինչ-որ կանոնադրության առնչությամբ՝ մոռանալով, որ դա ընդամենը թուղթ է, ու նման թղթեր 2009 թվականին ԱՄՆ-ի հետ կնքել է Վրաստանը, դրանից հետո՝ Ղազախստանն ու Մոլդովան, ու որևէ կերպ այդ երկրների անվտանգությունը չի ապահովվել։
Իսկ փոխարենը՝ նույն Ադրբեջանն ԱՄՆ-ի հետ կնքել է պայմանագիր՝ 100 միլիոն դոլարի ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ գնելու, որոնցով ռազմամթերք պետք է տեղափոխվի։ Սա է մեր իրականությունը, ցավոք սրտի»,- նշեց նա։
Նաիրա Զոհրաբյանը պատահական չի համարում նաև հայ էլիտայի դատավարությունների հանրայնացման համար օրերի ընտրությունը։
«Մենք հասկանում ենք՝ շոուն, որ Բաքվում մեկնարկելու է, պատահական օր չի ընտրվել․ սրանք այն օրերն են, երբ 35 տարի առաջ սկսվեցին Բաքվի հայկական ջարդերը։ Ալիևը շատ սիրում է սիմվոլիկաներ, և հիմա՝ 35 տարի անց, նա հենց Բաքվում դատում է Արցախի համար իրենց կյանքը տված գործիչներին։
Մենք հասկանում ենք, չէ՞, ինչ ցուցմունքներ են հնչելու, ինչ ֆեյք վկայություններ․ մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ այդ շոու-դատավարությունները արվելու են նաև մեր հասարակության մեջ հերթական պառակտումն ու թշնամանքը Արցախի ու արցախցիների հանդեպ գեներացնելու համար»,- ամփոփեց նա։
Նախօրեին Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ուղերձն է փոխանցվել ընտանիքին՝ հեռախոսազանգի ընթացքում, որով նա դիմել էր միջազգային հանրությանը, մարդկանց, որոնք անտարբեր չեն տարածաշրջանում կատարվողի հանդեպ։
«Հունվարի 17-ին, ժամը 15:00-ին նշանակված է իմ գործով դատական նիստը: Ինձ ասվել է, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Բայց մինչև հիմա ինձ հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը: Ինձ և իմ փաստաբանին ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ես չեմ տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված՝ 2024թ. դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թ. հունվարի 8-ը: Հոդվածների ցանկը, որոնցով ինձ մեղադրանքներ են առաջադրված, ռուսերենով ես ստացել եմ միայն 2025թ. հունվարի 8-ին: Միևնույն ժամանակ ճնշում է գործադրվել իմ, իմ փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն մեզ ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Պաշտոնապես հայտարարում եմ հետևյալը. Իմ ձերբակալման առաջին օրվանից ի վեր ես ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, որի ժամանակ ուղղակի ասել եմ իմ անուն-ազգանունը: Եվս մեկ անգամ ընդգծում եմ. իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են»,- մասնավորապես նշել է Ռուբեն Վարդանյանը։