Իրանի վրա Իսրայելի հարձակումը կլինի նրա վերջին սխալը. Ահմադ Վահիդի
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը կլինի նրա վերջին սխալը: Վահիդին իր այս հայտարարությունն արել է Սպահանում, ուր ժամանել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Վահիդիի այդ հայտարարությունը դարձավ ի պատասխան Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի այն հայտարարության, թե Իսրայելին ամերիկյան զենքի խոշոր խմբաքանակի վաճառքը հանդիսանում է Իրանին հասցեագրված շատ հստակ ազդանշան, որ նրա դեմ կարող են կիրառվել ռազմական գործողություններ, որպեսզի կանգնեցվի նրա միջուկային ծրագիրը:
Վահիդին հավելել է, որ Իրանի համար նշանակություն չունեն ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից արված սպառնալիքները, որոնք ի ցույց են դնում այդ երկրների ագրեսիվությունը: Վահիդին ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին աջակցելը հակասում է մարդու իրավունքների պաշտպանությանը, և որ ԱՄՆ-ը պետք է դրությունից դուրս գալու ելք փնտրի, ինչը կլուծի ճգնաժամն ու տարածաշրջանի հարցերը: