Իրենց առաջարկածն իրական Հայաստան չի, թուրքական ողորմածություն է. Էդգար Էլբակյան
Հայաստանը ֆաշիստական պետություն հռչակած Ադրբեջանի նախագահ Ալիևին Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջով 14 կետանոց առաջարկ ներկայացրեց. կետերից մեկով Փաշինյանն Ալիևին առաջարկեց քննարկել սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմը։
Փաշինյանի այս առաջարկը քաղաքագետ Էդգար Էլբակյանը նմանեցնում է ավելի վաղ Փաշինյանի կողմից Ալիևին արված մեկ այլ առաջարկի՝ զորքերի հայելային հետքաշմանը, ինչի արդյունքում տարածքային կորուստներ ունենալու էր միայն Հայաստանը։
«Սովորական սպառազինությունների վերահսկման եվրոպական մեխանիզմներ արդեն իսկ կան, բայց քանի որ Հայաստանի այս իշխանությունն արտաքին աշխարհում երես չունի, չունի լեգիտիմություն, ուստի սպառազինությունների վերահսկման հարցով նրանց որևէ մեկը չի օգնի. նրանց որևէ մեկը լուրջ չի ընդունի։ Եթե Հայաստանի դե ֆակտո իշխանությունն անգամ Ադրբեջանում պահվող հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցով ծպտուն չի հանում, էլ ավելի բարդ հարցերում աշխարհի ո՞ր երկիրը սրանց լուրջ կընդունի։ Հայաստանի դե ֆակտո իշխանությունը Հայաստանի բոլոր ռազմաքաղաքական հաղթաթղթերը հանձնել է թշնամուն, հետևապես՝ հիմա ի՞նչ կարող է առաջարկել»,- այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Էդգար Էլբակյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինյանն իր կապիտուլյացիոն քաղաքականությամբ ընդամենը փորձում է Հայաստանի ներսում իր դեմքը փրկել՝ տարատեսակ առաջարկներ անելով Ալիևին։
Ինչ վերաբերում է երկար չարչրկված «Խաղաղության պայմանագիր» ասվածին, ապա, ըստ Էդգար Էլբակյանի, Ադրբեջանին այս կառավարելի քաոսային վիճակը ձեռնտու է, ուստի Ալիևը չի համաձայնի որևէ թուղթ ստորագրել։
Ըստ Էլբակյանի՝ Ադրբեջանին թուղթ պետք չէ՝ անկախ նրանից, որ Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի հերթական պահանջը և համաձայն է լուծարել Մինսկի խումբը։
«Այն իշխանությունը, որը խաղաղության բութ քարոզ է անում, բերում է պատերազմ… Իրականում, սակայն, մենք գետնի վրա շատ վատ վիճակում ենք,- ասաց Էլբակյանը՝ ամփոփելով,- Իրենց առաջարկածն իրական Հայաստան չի, իրենց առաջարկածը թուրքական ողորմածություն է»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։