Վահագն Խաչատրյան. Ես տեղս պարզապես չեմ գտնում, այսպես պետք է չլիներ

ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը` ի պատասխան 168.am-ի հարցին, թե գործող իշխանությունները համապատասխան քայլեր ձեռնարկո՞ւմ են միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար,  նշեց.

«Մի ցավալի բան ասեմ: Չգիտեմ՝ իշխանությունն ի՞նչ է անում, բայց մի երևույթ եմ ուզում արձանագրել: Ես առաջին անգամ է, որ Ծիծեռնակաբերդ բարձրանալիս ճանապարհին ոչ մի տեղ չեմ կանգնում: Մարդկանց հոսքն անհամեմատ քիչ էր՝ նախորդ տարիների հետ համեմատած: Սա պատասխան է երկրի իշխանությանն այն ամենի համար, ինչ անում է իշխանությունը: Իսկ արդյունքում՝ ժողովուրդը գաղթում է, և մենք իրականում պետք է ամեն ինչ անենք Ցեղասպանության ճանաչման համար: Պարզապես խոսքեր պետք է չլինեն, պետք է գործ լինի: Ինձ ուղղակի շատ անհանգստացրեց այն փաստը, որ մարդիկ քիչ են: Ես տեղս պարզապես չեմ գտնում, այսպես պետք է չլիներ»:

Վահագն Խաչատրյանն ասաց, թե Հայաստանն ամեն ինչ անելու է Ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Նրա խոսքով՝ հայերի համար անքննելի է այս ուղղությամբ գործողություններ ծավալելը. «Մեր մեջ է դա, որտեղ էլ լինենք՝ չենք ազատվելու, այդ զգացմունքը մեր մեջ է, և պետք է այնպես անենք, որ միջազգային հանրությունը ճանաչի: Բայց երբ Հայաստանում ապրող չկա՝ բարդ է»:

Մեր հարցին, թե համամի՞տ է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի դիտարկմանը, թե Ցեղասպանության ճանաչման գործընթացը դանդաղում է հայաստանյան թույլ իշխանությունների հետևանքով, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Իշխանության թուլության գործոնը կա: Ես հասկանում եմ Արամ Մանուկյանի տրամաբանությունը: Քանի որ իշխանությունը չի ընտրվել ժողովրդի կողմից, իր քայլերի մեջ հստակություն ու վստահություն չունի: Բայց ինձ համար Ցեղասպանության ընդունման գործընթացն այսօրվա կամ վաղվա խնդիր չէ: Մենք ընդունում ենք, իսկ դա փաստ է, կա այս համալիրը, թանգարանը: Կարևոր է, որպեսզի Հայաստանում լինի քաղաքացի, որը կբարձրացնի այս հարցը: Մենք հիմա պետք է 5 մլն լինեինք, որ մեր ձայնն ավելի լսելի լիներ, բայց երեք մլն էլ չկանք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս