Այն, ինչ ինքն ասաց, կեղծ ինտելեկտուալ կրետինիզմի դրսևորում է․ Դեմոյանը՝ Փաշինյանի վտանգավոր կախվածության մասին

Նիկոլ Փաշինյանն օրերս տեսանյութեր էր հրապարակել, որտեղ իր կարծիքն էր հայտնում «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի և ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմություն» 2-րդ հատորի 1-ին գլխի մասին։

Առաջինի դեպքում նա վստահեցրել էր՝ «դասագիրքը հաջողված է», իսկ երկրորդի դեպքում՝ շնորհակալություն հայտնելով հատորի հեղինակներին, որոնք ակադեմիական աշխատանք են կատարել, միաժամանակ կարծիք էր հայտնել, թե «Հայոց պատմություն» վերնագրով բազմահատորյակը Հայաստանի Հանրապետության դիտանկյունից չի ստեղծվել։

«Այն դիտանկյունը, որն առաջարկում եմ, լրիվ նոր է մեր իրականության համար»,- հստակեցրել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է այն դասը, որ քաղել ենք պատմությունից։ Ըստ նրա՝ այդ դասը պետք է դառնա համապետական։

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» նոր դասագիրքն ու «Հայոց պատմություն» ակադեմիական հատորներն այն գրքերն են, որոնք մասնագիտորեն քննադատել է պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։

Կարդացեք նաև

168am-ի հետ զրույցում այս թեմային անդրադարձն ու մեկնաբանությունը պատմաբանը համարեց իրեն ոչ հարիր՝ նկատելով․ «Որևէ գիտության մեջ հետք չունեցող և թերի ուսումով Փաշինյանին մեկնաբանելը, նման մտագալարումներին ու մտքերի զեղումներին անդրադառնալը՝ նամանավանդ, երբ գիտության մեջ ճանապարհ անցած մարդ ես, այնքան էլ պատվաբեր չէ մասնագետի համար»։

Նիկոլ Փաշինյանի առաջարկած նոր դիտանկյունի, «իրական Հայաստանի» մասին բառախաղերի վերաբերյալ մեր հարցադրումներին ի պատասխան էլ՝ Հայկ Դեմոյանը հակիրճ արձագանքեց՝ ընդգծելով, որ այդ դրվագում ոչ թե պատմագիտական, այլ բժշկագիտական տերմիններով պետք է գործել։

«Այն, ինչ ինքն ասաց, կեղծ ինտելեկտուալ կրետինիզմի դրսևորում է»,- պարզաբանեց նա։

Պատմաբանը Փաշինյանի կողմից գրքերի վերաբերյալ տարեվերջյան այս ֆլեշմոբը պատահական չի համարում՝ հիշեցնելով, որ այդ տեսանյութերից ընդամենը օրեր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը նախագահներին հրավիրել էր բանավեճի, իսկ Դեմոյանն իր հերթին հենց Փաշինյանին էր հրավիրել բանավեճի, տեղադրել էր լուսանկարներ, որոնցում Փաշինյանն ու նրա տիկինը 2018 և 2019 թվականներին Փարիզում գրկել էին իր հեղինակած գրքերը։

«Դա շատ պարզ հոգեբանական տեխնոլոգիա է․ իր փիառշիկները մտածեցին, թե այդ կերպ կարող են իմ տեղադրած տեսողական նյութին ի պատասխան՝ հակապատկեր ու հականյութ ստեղծել, մեկ այլ՝ սափրված Փաշինյանով ու բոլորովին այլ գրքերով ու գրքային միջավայրով։ Ինքն այդ կերպ իմ հրապարակած տեսողական շարքն է ուզում ստվերել։ Ստացվում է ամոթալի մի իրավիճակ, երբ դու իմ գրքի հետ ես լուսանկարվում 2 տարի շարունակ ու չես ընդունում բանավեճի իմ հրավերը, որի ժամանակ հանրությանը հուզող բազմաթիվ հարցերի կարելի է անդրադառնալ»,- հավելեց նա։

Հայկ Դեմոյանը վստահ է՝ գրքերը, ինչի մասին նշվում է ու ինչի մասին գնահատականներ են հնչեցվում, Նիկոլ Փաշինյանն իրականում չի էլ կարդացել։

«Իր խոսքը մեր երկրում ամրագրված համակարգային կոռուպցիային նվիրված հերթական ձոնն էր։ Համակարգային կոռուպցիայի մեջ նախարար Ժաննա Անդրեասյանն է, գրքի հեղինակն է, որն իր հերթին հովանավորվում է վարչապետի աշխատակազմի կողմից։

7-րդ դասարանի գրքի առնչությամբ այդ նույն Ժաննայի հրավերով գնացինք հանդիպելու քննադատող գիտնականներից մեկի ընտանիքին, հենց այդ հանդիպման պահին փորձել էին ահաբեկել՝ ոստիկաններ ուղարկելով։

Ժաննան, Փաշինյանն ու Արայիկը սովորական ու պարզունակ ահաբեկիչներ են: Եթե Փաշինյանը կարծում է, թե իմ քննադատած գրքերը գովազդելով կարող է ինձ տխրեցնել, ապա ես մի բանի համար կարող եմ շատ տխրել. երբ երկրի վարչապետը կախվածության մեջ հայտնվելով, օրեր շարունակ պարզունակ ձևերով արձագանքում է իմ գրառումներին»,- նկատեց մասնագետը։

Նշենք, որ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» փոխելու ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռ նախորդ տարվա սկզբին։ Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Իսկ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ է հանդես եկել այս փոփոխություններին։

ՀՀ կառավարությունը 2024-ի հուլիսի 11-ի նիստում հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` տևական ժամանակ քննարկվող որոշումը։

Տեսանյութեր

Լրահոս