Մրցույթ՝ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնի համար
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» տնօրենի թափուր պաշտոնի համար:
Ինչպես տեղեկացնում են առողջապահության նախարարությունից, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է առողջապահություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ, պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր), կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն:
Պահանջվում է նաև աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խարխուսանքի միջոցների կիրառման, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ, բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում, օտար լեզվի բավարար իմացություն:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2013 թվականի մայիսի 29-ը: Մրցույթը կանցկացվի 2013 թվականի հունիսի 28-ին, ժամը 11-ին:
Հիշեցնենք, որ այժմ ինստիտուտի տնօրենի պաշոնի ժամանակավոր պաշտոնակատարը Երևանի գլխավոր սրտաբան, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանն է: Նշենք, որ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Մկրտիչ Ավագյանը, իր դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից: