Թուրքիայում տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համալիրները չեն պաշտպանում Սիրիայի հետ սահմանը. Vatan
Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված ամերիկյան Patriot զենիթա-հրթիռային համալիրները, որոնք կոչված են Թուրքիան պաշտպանել Սիրիայի կողմից հնարավոր օդային հարձակումից, իրականում չեն կատարում իրենց այդ առաքելությունը:
Թուրքիան 2012 թվականի նոյեմբերին դիմեց ՆԱՏՕ-ին՝ խնդրելով իրեն հատկացնել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ: ՆԱՏՕ-ն այդ խնդրանքը բավարարեց նույն թվականի դեկտեմբերի սկզբին: Այդ համակարգերը Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում մարտական ծառայության անցան այս տարվա փետրվարին:
Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն Թուրքիային հատկացրեց Patriot զենիթա-հրթիռային վեց համալիր, որոնցից երկուական հատկացրին ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդերլանդները: Դրանք տեղակայվեցին Քահրամանմարաշ, Գազիանթեփ և Ադանա նահանգներում: Ադանայի նահանգում է գտնվում «Ինջիրլիք» ավիաբազան:
Սակայն Patriot զենիթա-հրթիռային համալիրների գործունեության հեռահարությունը չի ընդգրկում ոչ միայն պաշտպանել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածի զգալի մասը, այլև՝ Հաթայ նահանգը (Ալեքսանդրետի սանջակ), որն անմիջականորեն սահմանակից է Սիրիային: Նշվում է, որ այդ համակարգերն ունակ են միայն պաշտպանել այն երեք քաղաքներն ու նրանց մերձակայքը, որոնցում տեղակայված են դրանք:
Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները զգալիորեն սրվեցին այն բանից հետո, ինչ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից հրետակոծվեց Թուրքիայի Աքչաքալե շրջանը, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ:
Ավելի ուշ թուրքական Yurt թերթը գրեց, որ այդ հրետակոծությունն իրականացրել են ոչ թե Սիրիայի կառավարական զորքերը, այլ՝թուրք-սիրիական սահմանին մարտեր մղող սիրիացի ապստամբները, որոնց տվյալ զենքը հատկացրել է հենց Թուրքիան:
Դրանից հետո գրանցվեցին նմանատիպ ևս մի քանի միջադեպեր, որոնք էլ հանգեցրին նրան, որ ՆԱՏՕ-ն ընդառաջ գնաց Թուրքիային՝ Սիրիայի հետ նրա սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու հարցում, որոնց մասին Թուրքիան երազում է 1990-ական թվականներից սկսած: