Ի՞նչ պատահեց Ակտաու քաղաքում ադրբեջանական ինքնաթիռի հետ․ կործանման ի՞նչ վարկածներ են շրջանառվում և ինչպե՞ս է միջադեպը շահարկվում

Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի դեկտեմբերի 25-ին, ըստ նախնական տվյալների, ենթարկվել է «արտաքին ֆիզիկական և տեխնիկական ազդեցության»։ Նախօրեին այս մասին հայտարարել է ավիաընկերությունը:

Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովը դեկտեմբերի 27-ին հայտնել է, որ նախքան ինքնաթիռի կործանումը, որը պետք է վայրէջք կատարեր Գրոզնիում, Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանում արգելվել են վայրէջքներն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։ Մինչ այդ, նրա խոսքով, օդաչուն երկու անգամ փորձել է վայրէջք կատարել, սակայն չի կարողացել դա անել մառախուղի պատճառով։ Դրանից հետո, ըստ Յադրովի, առաջարկել են իջեցնել ինքնաթիռը մոտակա օդանավակայաններից մեկում, սակայն օդաչուն որոշում է կայացրել թռչել Ակտաու Կասպից ծովի վրայով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռը կործանվեց Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ՝ Բաքվից Գրոզնի թռչելիս։ Վթարի հետևանքով զոհվել է 38 ուղևոր, ողջ է մնացել 29 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Ինքնաթիռի կործանման պահին, ըստ որոշ աղբյուրների, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվել է Բաքվից Մոսկվա ճանապարհին, որտեղ նախատեսվում էր նրա մասնակցությունն ԱՊՀ ոչ պաշտոնական ամենամյա տարեվերջյան հավաքին, սակայն իմանալով ավիավթարի մասին՝ վերադարձել է Բաքու, ինչպես նաև զանգահարել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին։

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը միջազգային լայն ռեզոնանս է ստացել՝ ինչպես հետսովետական տարածքում, այնպես էլ՝ Արևմուտքում։ Ինքնաթիռի կործանման առաջին րոպեներից, որպես կործանման առաջնային պատճառ՝ հայտարարվեց այն փաստը, որ իբրև թե ինքնաթիռը թռչունների երամի է բախվել։ Սակայն կործանված ինքնաթիռի վրա հայտնաբերվեցին բազմաթիվ անցքեր, որոնք թույլ տվեցին ենթադրել, որ ինքնաթիռը խոցվել է։ «Փորձագետները նշում են, որ նման դեպքերում ինքնաթիռները սովորաբար վթարային վայրէջք են կատարում, ոչ թե ընկնում են դեպքի վայրից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, գրում է հրատարակությունը։ Ըստ Conflict Intelligence Team-ի անկախ ռուս վերլուծաբանների, ֆյուզելյաժի անցքերը կարող են լինել «Պանցիր-С1» համալիրի զենիթային հրթիռի հարվածի հետևանք:

Կարդացեք նաև

Միջադեպը տեղի է ունեցել ուկրաինական 50 անօդաչու թռչող սարքերի՝ ՌԴ տարածքում իրականացրած հարձակումներից անմիջապես հետո, ներառյալ՝ հարավային շրջանները, ինչը կարող է հանգեցնել հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվացմանը»,- գրում է բրիտանական The Times պարբերականը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն առաջ են մղում ռուսական մեղավորության վարկածը, ակնկալում ՌԴ-ից ներողություն, ադրբեջանական մամուլում հակառուսական ծավալուն արշավ է սկսվել, բոլոր առաջատար ԶԼՄ-ների գլխագրերում ավիավթարի մասին լուրերն են ու Ռուսաստանին ուղղված մեղադրանքները, թե ՌԴ-ն ցանկանում է կոծկել վթարի պատճառները, քանի որ, ըստ այդ վարկածների, ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրի կողմից, որը տեղակայված է Ռուսաստանի տարածքում։ Այս սցենարի համաձայն, ռուսական կողմը վայրէջքի հնարավորություն չի տվել ՌԴ տարածքում, որպեսզի օդաչուները ստիպված որոշում կայացնեն Կասպիցի վրայով թռչել, որը կարող էր այլ ելքով ավարտվել ինքնաթիռի համար՝ կոծկելով իրականությունը։ Սակայն սա դեռ միայն վարկած է, որն ակտիվորեն առաջ է մղում ողջ Արևմուտքը, ինչպես նաև առանձնահատուկ ակտիվությամբ՝ Ուկրաինան ու Ադրբեջանը։

Դեպքի մանրամասներին անդրադարձել են՝ ինչպես Ուկրաինայի որոշ նախարարներ իրենց եզրակացություններով, այլև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսին։ Նա գտնում է, որ ավելի շատ մանրամասներ են ի հայտ գալիս «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի սարսափելի վթարի վերաբերյալ, վթարի վայրում հստակ ակնադիտական ապացույցներ են տեսնում, որոնք վկայում են ողբերգության համար Ռուսաստանի պատասխանատվության մասին։ «Եթե Ռուսաստանը որոշի հերյուրանքներ տարածել, ինչպես դա արեց MH17-ի դեպքում, մենք պետք է Մոսկվայի վրա համախմբենք բոլոր միջազգային ճնշումները՝ ճշմարտությունը հաստատելու և պատասխանատվություն ապահովելու համար»,- գրել է նա: Բաքվի խնդրանքով, 8 հոգուց բաղկացած քննչական հանձնաժողով է Թուրքիան ուղարկել Բաքու ավիավթարի պատճառները պարզելու համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն է հայտարարել, թե սպասում է հետաքննության արդյունքներին։ Իր օգնությունն է առաջարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ ԱՄՆ հետախուզությունը ևս կարծում է, որ Ռուսաստանն է խոցել AZAL ինքնաթիռը սխալ նույնականացման պատճառով։ Ուրբաթ օրը երկու ամերիկացի զինվորականներն NBC News-ին ասել են, որ ԱՄՆ-ը ունի հետախուզական տվյալներ այդ մասին։ Արևմտյան առաջատար պարբերականները ծավալուն նյութեր են պատրաստում միջադեպի մասին, փորձում բացատրել միջադեպը և հաստատել վերոնշյալ վարկածը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ոչ մի գնահատական չի տա Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման մասին, քանի դեռ հետաքննության եզրակացությունները չեն ստացվել։ «Այդ ավիամիջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ այդ հետաքննության արդյունքներից եզրակացություններ չեն արվել, մենք իրավասու չենք գնահատականներ տալ և գնահատական չենք տալու», – ասել է Կրեմլի խոսնակը։

Ինչպես իշխանությունը, այնպես էլ՝ ռուսական փորձագիտական հանրությունը չի շտապում գնահատականների հարցում։ Սակայն մեկ բան միանշանակ է, որ այս միջադեպն Արևմուտքը երկար է շահարկելու։

168am-ի հետ զրույցում ռուսական մերձդիվանագիտական շրջանակներից ասացին, որ այս ամենին փորձելու են լուրջ աշխարհաքաղաքական ֆոն հաղորդել, խաղալով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, փորձելով դրանք պղտորել և Ռուսաստանի համար ևս մեկ լուրջ խնդիր ստեղծել։

«Իսկ Ռուսաստանը զուսպ է նման հարցերում և սովորաբար իսկապես չի շտապում գնահատականների հարցում։ Սակայն, երբ թեման աշխարհաքաղաքականացվում է, իսկ դա արդեն իսկ մեծ թափով տեղի է ունենում, բարդ է ակնկալել, որ կլինի Ադրբեջանի ակնկալած արձագանքը՝ առանց լուրջ հետաքննության։ Շատ քիչ դեպքերում է Ռուսաստանն անմիջապես տալիս գնահատական։ Սովորաբար դա պատահում է, երբ միջադեպը որևէ կասկած չի հարուցում։ Իսկ այս դեպքում, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների համար ամեն ինչ դեռ պարզ չէ։

Պարզ չէ, թե ինչպես է խոցված ինքնաթիռը ՌԴ տարածքից հասել Ակտաու: Եթե Ուկրաինան ու Արևմուտքը, ինչը հասկանալի է, հենց այդ վարկածն են առաջ մղում հեղինակազրկելու համար Ռուսաստանին, չի նշանակում, որ դա է միակ ճշմարտությունը։

Հանձնաժողովը պետք է իր վերջնական եզրակացությունը ներկայացնի, որը պետք է պատասխանի բոլոր հարցերին, որոնք կասկած են հարուցում։ Պետք է հստակ մասնագիտական գնահատական տրվի, թե այդ անցքերն ինչի հետևանքով ու երբ, որտեղ են առաջացել, ինչ վնաս են հասցրել, ու որքան էր հնարավոր այդ վիճակով շարունակել ինքնաթիռի ընթացքը։ Սակայն ակնհայտ է, որ սա դառնալու է ամենաքաղաքականացված միջադեպերից մեկը, որն օգտագործվելու է Ռուսաստանի դեմ, արձագանքների աշխարհագրությունն արդեն դա է ցույց տալիս»,- նկատեց նա։

Մեր զրուցակիցը նաև կասկածելի է համարում ինքնաթիռի կործանումից հետո կազմակերպված արշավը Ռուսաստանի դեմ։

«Դա տեղավորվում է լարված աշխարհաքաղաքական իրավիճակի շրջանակում, սակայն ողբերգական միջադեպերի նման շահարկումն անընդունելի է։ Թեև սա հնարավորություն է Հարավային Կովկասում Ռուսաստանի համար ևս մեկ խնդրահարույց ուղղություն ստեղծելու համար»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս