Բաժիններ՝

Մեկնարկում է «Փոստմոբիլ» համակարգը

«Հայփոստ»-ը մեկնարկում է «Փոստմոբիլ»-ի գործարկումը` նոր համակարգ, որը կընդլայնի “Հայփոստ»-ի ցանցը` հասանելի դարձնելով ժամանակակից, հարմարավետ և մատչելի փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայությունները գյուղական համայնքների բնակչության համար:

Սկզբնական շրջանում «Փոստմոբիլ»-ը պարբերաբար կայցելի Արագածոտնի գյուղական համայնքներ` որտեղ առկա են փոստային բաժանմունքներ և այն համայնքներ, որտեղ փոստային ծառայությունները նախկինում անհասանելի են եղել:

«Փոստմոբիլ»-ի գաղափարն իրագործվել է «Հայփոստ”-ի գործընկերների`Իտալիայի, ՌԴ-ի և Ֆրանսիայի փոստային օպերատորների հաջողված փորձի հիման վրա: Այն փոստային բաժանմունք է անիվների վրա` հարմարեցված Հայաստանի կլիմայական և լանդշաֆտային պայմաններին: «Փոստմոբիլ”-ը հագեցած է տեխնիկական սարքավորումներով` էլեկտրաէներգիայի գեներատորով, համակարգչային սարքավորումներով, ջեռուցման, օդորակման, ինչպես նաև անվտանգության և տեսագրման համակարգերով: Շարժական փոստային բաժանմունքն առցանց կապով միացված կլինի գլխամասին նույն համակարգով, ինչը գործում է «Հայփոստ»-ի ողջ ցանցում:

Ներդրված GPS համակարգը թույլ կտա վերահսկել երթուղին գլխամասից, ինչը կհանգեցնի անվտանգության և մատուցվող ծառայությունների մակարդակի աճին:Փոստային բաժանմունքը համայնքեր կայցելի ամեն շաբաթ որոշակի ժամերի և կկայանվի նախապես սահմանված վայրերում: Բնակիչները կարող են իրականացնել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, բաժանորդագրվել, օգտվել կատալոգային վաճառքի, ապահովագրության և ավանդական փոստային ծառայություններից:

«Փոստմոբիլ»-ը «Հայփոստ»-ի ժամանակակից ծառայությունները կհասցնի հեռավոր գյուղական համայնքներ` այդպիսով հնարավորություն ընձեռելով բնակիչներին` օգտվելու միևնույն բարձրորակ ծառայություններից և ապրանքներից, որոնք առկա են քաղաքների փոստային բաժանմունքներում:

Որդեգրելով սպասարկման նոր մոտեցում` «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մեկ քայլ առաջ է գնում Հայաստանի փոստային օպերատորի արդիականացման և «Հայփոստ»-ը ոլորտի առաջատարներից մեկը դարձնելու ճանապարհով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս